Հայաստանի երրորդ հանրապետությունը 23 տարեկան է: Գրեթե քառորդ դարյա իր պատմության ընթացքում այն հասցրել է անցնել պատերազմի, սոցիալ-տնտեսական դժվարությունների միջով, որոնք հետզհետև նահանջել են ու թույլ տվել կայանալ փոքրիկ, բայց ամուր կանգնած Հայաստանին:

 

Դեռևս 1988 թվականից, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումն ու 70-ամյա խոր քնից արթնացավ հայ ազգը, դ րվեցին մերօրյա անկախության հիմքերը: «Արմենպրես»-ը ներկայացնում է անկախության տարիները վերապրած ու այն կերտած հոգևորականի, ազատամարտիկի, բանաստեղծի ու տեղեկատվական անվտանգության փորձագետի զգացումները:

 

«Ազատության 23-րդ տարեդարձի այս լուսավոր առիթը մեզ դնում է մի մտածումի առջև, որ մենք պատմություն ենք կերտում և այն էլ մեր ձեռքերով: Սերունդները լոկ գրքերից կամ մի գուցե ապրողների հիշողություններից են իմանալու մեր այսօրվա դժվարությունների մասին' առավել հիանալով մեր անցած ճանապարհի ծանր օրերին դիմագրավելու, տոկունության, կամքի դրսևորման համար: Սակայն իրականն այն է լինելու, որ նրանք ապրելու են Ազատ ու Անկախ Մայր Հայրենիքում, իր ազատագրված Արցախ աշխարհով, որքան էլ լինեն նրա սահմանները»,-այս է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի համոզումը:

 

Բագրատ Սրբազանի բնորոշմամբ' պատմության մասին խոսելը անչափ դյուրին է, իսկ այն անմիջականորեն կրելը չափազանց դժվար. այսօր հայ ժողովուրդը կրում է ազատության ու հաղթանակի բերած և' բերկրանքը, և' տառապանքն ու դժվարությունները: «Կեցցե այն Հայաստանը, որի սերունդներն այլևս իրենց ճակատին ու հոգևոր կյանքի վրա չեն կրելու գերության դրոշմը, այլ ապրել և մեծացել են Ազատության հրով ու շնչով, քանզի ազատությունը վայել է միայն ազատագրվածին... »:

 

«Խաչակիրների» ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ Շահե Աճեմյանի խոսքով' Հայաստանի անկախությունը հայ ազգի վեց խավար դարերի ընթացքում երկար սպասված, պայքարով ու արյունով վերականգնված իրողությունն է: «Անկախությունը մեծ խորհուրդ է, իմաստ պարունակող, արժեքների, նվիրումի, զոհաբերության բաղադրություն է, հզոր, մեծ կամ փոքր, հին թե նոր ազգերի, պետությունների անձնագիրն է, այսօրվա իրենց պայքարը գոյատևման և վաղվա ավելի լավ օրվա համար է:

 

Անկախությունը վայրի, արյունարբու, բարբարոս աշխարհում ազգերի հավասար, ազատ գործելու, արարելու, պաշտպանվելու, գոյատևելու երաշխիքն է: Անկախության չձգտող կամ անկախություն չունեցող ազգերը դատապարտված են աստիճանաբար վերանալու, ջնջվելու աշխարհի երեսից, պատմության էջերից և մարդկության հիշողությունից»,-այս է ազատ, անկախ Արցախի կռված հայի համար անկախությունը:

 

Շահե Աճեմյանի համոզմամբ' սովետական 70 տարիները շունչ քաշելու, կազդուրվելու, ուժ հավաքելու ժամանակաշրջան հանդիսացան հայ ազգի համար, իսկ 1988թ.-ից սկսած' այն իր նոր ուղին գծեց: «Հայությունը 1918 թվականի մայիսի 28-ի անավարտ գործը շարունակելու վճռականությամբ, նոր ազգային երազանքերով միջազգային ընտանիքում իր արժանի տեղը վերականգնեց 1991թ. սեպտեմբերի 21-ին' անկախությամբ վերածնված Հայաստանով»,-շեշտեց ազատամարտիկը:

 

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ Հայաստանի անկախությունը նվեր է համարում, որը հայ ժողովրդի ինքնությունն է, լինելությունն է: Նա էլ անկախանալու կողմնակից էր այն տարիներին: «Եթե ասեմ՝ ես այդ զգացողությամբ եմ ապրել՝ չզարմանաք՝ ծնված օրից անկախ էի, դա հոգևոր զգացողություն է: Բայց սպասումներս չարդարացան: Ես տեսա, որ մենք նյութական արժեքների առաջ կարող ենք զոհել հոգևորը: Ես անկումը տեսա՝ սիրո, կարոտի, մարդկային իրական արժեքների... »,-նշեց բանաստեղծը:

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համար իրեն Ազատության հրաարակ ու Հայաստանի անկախության համար պայքարելու մղել է սեփական անկախության կարևորության գիտակցումը:

 

«Անկախության շարժումը, երբ սկսվեց 88-ին, ես դեռ դպրոցական էի։ Եվ բախտի բերմամբ' շարժման հենց առաջին օրը հանկարծակի հայտնվեցի Օպերայում․ պարզապես դասերից փախել էինք։ Գրեթե բան չհասկացանք այդ օրն ասածներից․ նույնիսկ Ղարաբաղ բառը շատ աղոտ էր հնչում եւ անհասկանալի։ Բայց մի բան հասկացա այդ օրը, ինչի պատճառով հաջորդ առավոտ արդեն գիտակց ելով եկա Անկախության հրապարակ:

 

Ես հասկացա, որ մի բան փոխվել է, եւ ես սկսել եմ հանգիստ շնչել։ Այնպես որ ինձ համար անկախացումը սկսվեց 1988-ի փետրվարին'անձնական, ներքին անկախացումից, որը սահուն դարձավ Հայաստանի անկախություն։ Երեւի շատերի մոտ էլ է նման մի բան եղել»,-վերհիշեց Սամվել Մարտիրոսյանը:

 

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն' ԽՍՀՄ կազմից դուրս»:

 

Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի քան 99 տոկոս ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

 

Պատրաստեց Անի Նազարյանը