Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժանքները սրում են լարված իրավիճակն այդ երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին սեպտեմբերի 22-ին Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ժամանակ նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Իմ կարծիքով' Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժությունները միայն իրավիճակի սրացում են հրահրում: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում, ուր ամբողջովին չի դադարեցվել կրակը, զորավարժություններ անցկացնելը նման է պետությանը կամ կողմերից մեկին ակտիվ գործողությունների դրդելուն»,- ասաց նա:

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Մինսկում կնքված արձանագրությունը և դրանից հետո ձեռք բերված համաձայնությունները կբերեն խնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Սեպտեմբերի 15-26-ը Հյուսիս-Ատլանտյան դաշինքն Ուկրաինայում անցկացնում է ամենամյա պլանային մարտավարական զորավարժություններ: ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համատեղ զորավարժություններին մասնակցում է մոտ 1300 զինծառայող 15 երկրից, 700 միավոր ռազմական տեխնիկա և ավելի քան 50 ռազմական մեքենա: