Հայաստանում այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 1501 դեպք է գրանցվել, որից 374-ը գրանցվել է ընտանիքում: Անչափահասների նկատմամբ գրանցվել է բռնության 138 դեպք, որից 7-ը՝ ընտանիքում: Այս մասին սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«2013թ. արձանագրվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել է ընտանիքում, անչափահասների նկատմամբ՝ 245 բռնության դեպք, որից 21-ը՝ ընտանիքում: 2014թ. առաջին ութ ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1501 դեպք է գրանցվել. ընտանիքում՝ 374-ը: Անչափահասների նկատմամբ բռնության 138 դեպք է գրանցվել, որից 7-ը' ընտանիքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Դուրյանը:
Նա փաստեց, որ ընտանեկան բռնության կանխարգելումը, բացահայտումը, հաշվառումը ոստիկանության ուշադրության կենտրոնում է գտնվում: Շուրջ մեկ տարի աշխատանքներ են իրականացվում մի իրավական ակտի մշակման համար, ինչի հիման վրա ոստիկանները կսկսեն ողջ հանրապետության տարածքում հստակորեն աշխատել այս ակտի պահանջների շրջանակներում: Դա անչափահասների եւ ընտանեկան բռնության գործերով աշխատակիցների աշխատանքի հիմքն է լինելու, քանի որ ներկայումս այն կանոնակարգվում է Ոստիկանության ղեկավարի հրամանով:
Իգական սեռի ներկայացուցիչների և անչափահասների նկատմամբ բռնության, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է մայրաքաղաքում, ապա' Շիրակի եւ Լոռու մարզերում, այսինքն' այն վարչական տարածքներում, որտեղ բնակչության թիվը մեծ է: