Նորագիրների հոսքը դեպի ԵԿՄ շարունակվում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն 1 200 նոր անդամ ունի Էջմիածնի տարածքային բաժանմունքը: Թվերը ներկայացվեցին բաժանմունքում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ, որն ավանդաբար սկսվեց ծաղկադրման արարողությամբ:

 

Հանդիսավոր նիստի ժամանակ ելույթ ունեցողները կարեւորում էին Երկրապահի դերը հասարակության մեջ, իսկ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը ներկայացրեց, որ աշխատանքների ծավալի ավելացմամբ պայմանավորված՝ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների կազմերն ընդլայնվում են:

 

Խորհուրդներում ընդգրկվում են ներկայացուցիչներ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագիր ստորագրած հաստատություններից՝ կրթության եւ գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններ: խորհուրդներում ընդգրկվում են նաեւ հոգեւորականներ:

 

Կետիկյանը փոխանցեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գնահատականը ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրած ելույթին: Ըստ Երկրապահի՝ ՀՀ նախագահի խոսքն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այնպես էլ՝ Արցախի խնդրի վերաբերյալ, արտահայտում էր համայն հայության՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության դիրքորոշումը:

 

ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ ներքին թշնամիներ անվանեց նրանց, ովքեր դեմ են արտահայտվում դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնմանը: