ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթը պատեհ էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նման բարձր ամբիոնից Հայաստանի դիրքորոշումը հնչեցնելու համար: ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում գնահատում եւ վերլուծում է առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ փորձագիտական տեսանկյունից: Այդ առումով, ըստ Արզումանյանի, ամենակարեւոր շեշտադրումն այն է, որ տասնինը տարի անց պատասխան տրվեց հայր եւ որդի Ալիեւների այն քաղաքական գծին ու շահարկումներին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը հօգուտ Ադրբեջանի են:

 

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի նախագահը ներկայացրեց Ադրբեջանի ներքին կյանքում առկա խնդիրները, ներկայացրեց Հայաստանի պետական դիրքորոշումը իր համար շատ կարեւոր երկու հարցերի առնչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Արզումանյանը' հավելելով, որ պետք է երկրի շահն առաջ քաշել, քանի որ ՄԱԿ-ն այն ամբիոնը չէ, որտեղ պետք է խոսել ներքին խնդիրների մասին: Արզումանյանը շեշտում է, որ Հայաստանում ներքին կյանքում խնդիրներ կան, սակայն այդ հարցերի լուծման ամբիոնը չէ ՄԱԿ-ը: «Ելույթը սպասարկեց Հայաստանի արտա քին շահերին: Ելույթի ժամանակ լսարանը մեծ էր, խոսքը տեղ հասցնելու լավագույն առիթն էր, որ ճիշտ շեշտադրմամբ օգտագործվեց»,- ասաց Արզումանյանը:

 

Նախկին դիվանագետին զարմացնում է, որ Հայաստանում այդքան շատ են քննարկում նախագահի արտաբերած «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը: Նրա գնահատմամբ, ճիշտ ընտրված արտահայտություն էր, որ շատ հաջող կերպով թարգմանվեց անգլերեն: «Ես այդտեղ հայհոյանք կամ վիրավորանք չեմ տեսնում: ՄԱԿ-ի այդ ամբիոնն այնպիսի խոսքեր է լսել երկրի գերհզոր պետությունների առաջնորդների կողմից, հայհոյանքներ, անգամ կոշիկի շպրտոց, որ նախագահի «գրողը ծոցը վավերացնեք»-ը շատ հարիր է ու շատ ճիշտ ընտրված»,- ասաց Արզումանյանը:

 

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, նախագահը նշել է, որ Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու ուղղությամբ: Նախագահը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության մասին, նեկայացրել իրավիճակը, հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձեւերը, որոնք Ադրբեջանի պարբերաբար շահարկում է եւ ներկայացնում այն լույսի ներքո, որ ձեռնտու է իրեն եւ այդ կերպ շարունակում իր ապակառուցողական քաղաքականությունը: