Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի քննարկմանը մտքերի փոխանակության ժամանակ ելույթով հանդես եկավ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

 

«Բոլոր արգումենտները բերվում են իբր թե տնտեսական կողմից, իսկ նման մոտեցումները ոչ այլ ինչ են, քան հասարակությանը, Հայաստանին մոլորեցնելու փորձ: ԵՏՄ-ն Խորհրդային կայսրության ռեինկարնացիայի փորձ է, ինչը մերժելի է եղել մեր ողջ պատմության ընթացքում»,- ասաց նա:

 

Պատգամավորի կարծիքով՝ սին են բոլոր էներգետիկ, տնտեսական անվտանգության մասին խոսակցությունները: «Ի՞նչ էներգետիկ անվտանգություն, եթե բոլոր էներգետիկ համակարգերը 100%-ով տրվել է ՌԴ-ին, կապ չունի լավ, թե վատ, ի՞նչ տնտեսական անվտանգություն, երբ սանկցիաների տակ ճկռում է երկիրը, ի՞նչ բինզնես միջավայր, երբ «սկում» է ռուբլին՝ իր հետ տանելով դրամը»,-ասաց նա:

 

«Ես պատմության ընթացքում չեմ տեսել, որ ժողովրդին տանեն նեղության, ստորացման՝ ազատությունից հրաժարվելու համար, սա աբսուրդ է: Ազատությունն օրենքներով ու պայմանագրով չես ձեռք բերում, ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է, որը ծնվել է 88-ի շարժման ժամանակ, այսօր քվեարկությամբ սպանում ենք ազատության ոգին: Սա անընդունելի է մեր երկրի համար, սա հղի է շատ ծանր հետևանքներով, և կոչ եմ անում վերջին պահին՝ կոճակը սեղմելիս, ընտրեք ձեր սրտերում ազատությունը»,- հայտարարեց պատգամավորը: