Այսօր Հրազդան քաղաքում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի», «Հայ Ազգային Կոնգրեսի» և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:

 

Այն պահին, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ամբիոնից հայտարարեց, որ ելույթով պետք է հանդես գա Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավաքվածներից մի կին բղավեց.

 

-Չենք ուզում լսել:

 

Արմեն Մարտիրոսյանը, կնոջն ի պատասխան, ասաց՝ շատ ճիշտ են անում, որ չեն ուզում լսել, և առաջարկեց բղավող կնոջը հեռանալ հանրահավաքից.

 

«Սիրելի ժողովուրդ, երեկվա հզոր հանրահավաքը իշխանություններին այլ բան չթողեց, քան արդեն սկսել ռեպրեսիվ մեքենան միացնել, անցնել պրովոկացիաների գիրկը: Որևէ խնդիր չկա. այդպիսի քաղաքացիներ էլ կան, չմեղադրեք նրանց: Թող հանկարծ որևէ մեկը նրանց վերաբերյալ որևէ վիրավորական արտահայտություն չանի: Նրանք մեղավոր չեն, որ այսօր այնպիսի սոցիալական վիճակում են հայտնվել, այնպիսի կախվածության մեջ են իշխանություններից, որ այդ հանձնարարությունն են կատարում: Մեր խնդիրն այդ քաղաքացիների համար պաշտպանության այնպիսի մեխանիզմ ստեղծելն է, որ այդ քայլի կարիքը չունենան,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Վերջինիս խոսքով՝ իշխանությունները փորձում են անհամաձայնություններ գտնել իրենց գործողություններում, բայց, ըստ նրա, այդպիսի անհամաձայնություն չկա, և նրանք կողմ են փոփոխությունների.

 

«Մենք՝ բոլորով միասին, իշխանափոխություն ենք անելու»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ իրենց պայքարը Հայաստանի համար է, և այդ պատճառով այս պայքարում կուսակցական դրոշներ չկան: