Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին կոչ է արել շիա ապստամբներին՝ հոուիշներին, դուրս գալ մայրաքաղաքից և կատարել համաձայնագրի կետերը, որոնց շուրջ իրենք համաձայնության էին եկել նախորդ շաբաթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նախագահը նշել է հանրապետության կազմավորման 52–րդ տարելիցի օրը: Նախագահը քննադատել է շիա ապստամբների կողմից պետական հաստատություններ գրավելու քայլերը՝ ավելացնելով, որ պետությունը չի կարող ընդունել դա, և չի կարող խաղաղություն հաստատվել հասարակության բոլոր կողմերի միջև:
Աբդ Ռաբբո Մանսուր Հադին չի մանրամասնել, թե ինչպես է մայրաքաղաք Սանան առանց դիմադրության հայտնվել ապստամբների ձեռքում:
Մյուս կողմից հարյուրավոր եմենցիներ դուրս են եկել հանրահավաքի՝ ապստամբներից պահանջելով հեռանալ քաղաքից:
Շիա ապստամբները նախորդ շաբաթ վերահսկողություն էին հաստատել մայրաքաղաք Սանայում: Ապստամբների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 270 մարդ էր զոհվել: Մինչ մայրաքաղաքը վերահսկելը համաձայնություն էր կնքվել երկու կողմերի միջև, և շիա ապստամբները պարտավորվել էին վայր դնել զենքերը և հանձնել բոլոր այն տարածքները, որոնք գրավել էին: