ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի կարծիքով' Ուկրաինայում տեղի ունեցած զարգացմուները կարող են առնվազն երկու տարով ձգձգել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին սեպտեմբերի 29-ին Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ նշեց ռուս փորձագետը' առաջարկելով ԵՏՄ հիմնադրման գործընթացին զուգահեռ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը, սակայն, այդ կարծիքին չէ: Նրա գնահատմամբ' ԵՏՄ հիմնադրման գործընթացը կզարգանա անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում:

 

Իսկ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ազդակ է գիտատեխնիկական համագործակցության համար:

 

«Առանց գիտատեխնիակական բաղադրիչի և ռազմաարդյունաբերական համալիրի կապերի վերականգման շատ դժվար է պատկերացնել ժամանակակից տնտեսության զարգացումը: Երկրները կանգնել են իրենց պահանջներն ինքնուրույն բավարարելու անհրաժեշտության առաջ», - ասաց Հարությունյանն' ընդգծելով, որ հնարավոր չէ տնտեսական ավելի արդյունավետ աճ գրանցել առանց գիտական զարգացման, որը հետագայում հիմք կհանդիսանա գիտատեխնիկական ընկերությունների գործունեության համար:

 

Նրա խոսքով' կարևոր խնդիր է գիտական տեղեկատվական քաղաքականության բացակայությունը: Հայաստանի հասարակ քաղաքացին շատ քիչ բան գիտի ռուս քաղաքացու և, մանավանդ, հասարակ բելառուսի և ղազախի մասին, և հակառակը: «Պետք է ծրագրեր մշակել, որպեսզի ավելի շատ բան իմանանք միմյանց մասին, դա հատկապես վերաբերում է Բելառուսին և Ղազախստանին», - առաջարկեց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: