Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը:

 

Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները: Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի: Հունաստանի Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-հունական ռազմական համագործակցության մասին, բարձր գնահատելով մի շարք այլ ոլորտներում ևս՝ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, ապակենտրոնացված համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցություն:

 

Հանդիպման ժամանակ Կարոլոս Պապուլիասը դրվատանքով է խոսել Հունաստանում հայկական համայնքի մասին, նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են հասարակությանը, դարձել Հունաստանի արժանի քաղաքացիներ' լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ: Նախագահ Պապուլիասը ջերմությամբ է խոսել Հայաստանում հունական փոքր, բայց իր բնորոշմամբ, կազմակերպված ու դինամիկ համայնքի մասին, ում հետ այցի շրջանակներում հանդիպում է ունենալու:

 

Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր:

 

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: