Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով կամ այն իրականացնելը պայմանավորվում է բացառապես իշխանությունների ցանկությամբ, ապա այդպիսի հասարակությունը չի կարող երաշխավորված ապագա ունենալ:

 

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այս խոսքերն ասելով՝ ես ցանկանում եմ անդրադառնալ ս ահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Ինձ համար հասկանալի է, սակայն ընդունելի չէ այն փաստարկը, որ կառավարման կիսանախագահական համակարգն է երկրի զարգացման երաշխիքներ խոստանում:

 

Ինձ համար ըմբռնելի են այն փաստարկները կամ մարդիկ, ովքեր դեռևս չեն տեսնում կապը Սահմանադրության և իրականության միջև, սակայն ինձ համար կտրականապես մերժելի է այն փաստարկը, թե արդյոք այսօրվա ստեղծված իրավիճակի միակ պատճառը Սահմանադրությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

 

Պատգամավորը նկատում է, որ իշխանությունների որակից շատ բան է կախված, սակայն հասարակությունը չպետք է կախվածության մեջ լինի իշխանության ցանկությունից: «Արդյոք աշխատանքի ընտրության ազատությունը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, բավարա՞ր է, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան արժանապատիվ աշխատանք:

 

Ոչ, բավարար չէ, որովհետև այս իրավունքի լիարժեք իրականացման համար սահմանադրական պատշաճ պատասխանատու մարմինը չկա նշված: Բավարա՞ր է արդյոք այն, որ Սահմանադրության մեջ գրված է արդար դատաքննության իրավունքը: Բավարար չէ, որովհետև դատական իշխա նության կազմավորման մեխանիզմը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, թույլ է տալիս, որպեսզի ձևավորվի մեկ անձի կամքից կախված դատական համակարգ»,- ընդգծեց պատգամավորը:

 

Նրա խոսքով' նման պայմաններում ապրող հասարակությունը չի կարող արդարություն տեսնել և լավ ապրել: Հետևաբար, սահմանադրական փոփոխությունների զգալի հատվածը պետք է բերի երկրում, հասարակության մեջ իրական և էական փոփոխությունների, այդ թվում նաև համակարգային և ամբողջական իշխանափոխության մեխանիզմի ձևավորմանը: «Խոսքը ոչ միայն ներկա, այլ նաև ապագայում ցանկացած իշխանության մասին է:

 

Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, անկախության տարիներից սկսած, դժգոհում իշխանություններից' մեկից' մի քիչ շատ, մեկից' քիչ, սակայն դժգոհում են, որովհետև մենք ունենք համակարգային խնդիր: Մեր խնդիրը ոչ միայն անձերի, այլ, առաջին հերթին, համակարգի մեջ է, իսկ սահմանադրական փոփոխությունները այս համակարգային խնդիրները պետք է լուծեն: Մենք չպետք է, իրավիճակից ելնելով, մի օր կողմ արտահայտվենք, մի օր՝ դեմ: Սա ընդունելի տարբերակ չէ, այլ հասարակությանը շեղելու քայլ է»,- ասաց Մինասյանը:

 

Պատգամավորը բոլորին կոչ արեց կենտրոնանալ սահմանադրական բարեփոխումների բովանդակային պահանջի շուրջ, որպեսզի հնարավոր լինի հասնել կառավարման խորհրդարանական մոդելին: