Հայաստանում հունվարի 21 –ին մեկնարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այսօրվանից բոլոր թեկնածուներն անվճար եւ վճարովի եթերաժամակ կունենան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում, ինչպես նաեւ կարող են եթերաժամ գնել մասնավոր հեռուստառադիոընկերություններում:

Ընտրական օրենսգրքի համաձայն' թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե ավճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, 120 րոպե' հանրային ռադիոյում:

ԿԸՀ-ում կայացած վիճակահանության արդյունքներով' հունվարի 21-ին առաջին անվճար եթերից կօգտվի թեկնածու Պարույր Հայրիկյանը, իսկ փետրվարի 16-ին այն կեզրափակի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախընտրական քարոզարշավը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվի ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով' օրական երկու անգամ' ժամը 13.30-ից եւ 21.40-ից սկսած:

ՀՀ նախագահի պաշտոնին հավակնում է ութ թկնածու. ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «ՌադիոՀայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Խորհրդարանում ներկայացված ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ չեն առաջադրել եւ չեն հայտարարել թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու մասին:

Քարոզարշավը կավարտվի փետրվարի 17-ի կեսգիշերին: Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18 –ին, ժամը 08.00- 20.00 –ն: Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով: