Այսօր Հայաստանում վայրի կենդանիների հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան 10-12 տարի առաջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում Վայրի բնության պահպանության հիմնադրամի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանը:

 

«Հայաստանում մենք ունենք որոշ վայրի կենդանատեսակների քանակի աճ՝ հանձինս բերոարյան այծերի, հայկական մուֆլոնների, որոնք ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային Կարմիր գրքում են ներառված: Եթե 2006թ. հայկական մուֆլոնների քանակը Հայաստանում մինչև 300 առանձնյակ էր, ապա հիմա բավականին շատացել է՝ 400-ից ավելի է դարձել: Քարայծերի քանակը 1500-2000 էր, իսկ հիմա' մոտ 3000»,- ասաց Կարեն Մանվելյանը:

 

Նա նաև հավելեց, որ վերջերս արգելանոցներում տեղադրված տեսահսկման սարքերի տեսադաշտում ավելի շատ են հայտնվում ընձառյուծները: Նախկինում մեկ-երկու դեպք էր լինում, իսկ այս տարվա ընթացքում միայն WWF հայաստանյան ներկայացուցչությունը գրանցել է մոտ չորս ընձառյուծի դիտման դեպք:

 

«Ընձառյուծները Հայաստանի հարավային հատվածներ գալիս են Իրանի տարածքից և այստեղ իրենց քանակության ավելացումը պայմանավորված է նաև մուֆլոնների և քարայծների քանակության աճով, քանի որ վերջիններս հանդիսանում են ընձառյուծների սննդի աղբյուր», - ընդգծեց Կարեն Մանվելյանը:

 

Հայաստանում վայրի բնության պահպանության հիմնադրամի տնօրենը հավելեց, որ Հայաստանում, նկատի ունենալով երկրի հարավային հատվածի էկոհամակարգերը, կարող են ապրել 25-ից ոչ ավելին ընձառյուծներ: Ամեն ընձառյուծի անհրաժեշտ է 50-100 հազար հեկտար տարածք և որս հանդիսացող կենդանատեսակներ:

 

«Ի դեպ, այն տարածքներից, որտեղ կան ընձառյուծներ, գայլերը հեռանում են, քանի որ այդ կատվազգին վերացնում է գայլերին' որպես մրցակից: Հայաստանի հարավում գյուղացիները ուրախանում են, իմանալով, որ տարածքում ընձառյուծներ կան, քանի որ գայլերը այնտեղից հեռանում են: Սակայն մարդիկ չեն հասկանում, որ չի կարելի խախտել բնական շղթան, քանի որ գայլերի քանակը բնական կերպով կարող է տատանվել, սակայն այն երբեք չի գերազանցում իր միջին մակարդակը: Եվ տասը տարվա կտրվածքով այն ունի կայուն մակարդակ», - հայտնեց Կարեն Մանվելյանը:

 

Խոսելով պահպանության կարիք ունեցող այլ կենդանիների մասին՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում հաստատուն է գորշ արջի պոպուլյացիան, և միգուցե հատուկ պահպանության տարածքներից դուրս լինում են որսագողության դեպքեր, սակայն այդ ամենը դժվար է հսկել, քանի որ պահպանության տարածքների աշխատակիցները քիչ են, իսկ արգելանոցի մակերեսը հսկայական: Օրինակ՝ Սյունիքի մարզում ընդհամենը երեք աշխատող կա տեղական բնապահպանական տեսչությունում, ովքեր պարտավորված են հսկել Սյունիքի ձորերն ու սարերը: