Քաղաքագետ Լևոն Շիրինյանը առաջարկում է երկրում բարեփոխումներ իրականացնելու իր տեսլականը: Հարթակին կանգնող ուժը պետք է առաջնորդվի «եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն» սկզբունքով: Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց քաղաքագետը: «Իշխանությունն ու ընդդիմությունը համբերատարորեն պետք է օգնեն իրար Հայաստանը փոփոխությունների տանելու համար, այլապես բևեռացված աշխարհում մենք տանուլ կտանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Լևոն Շիրինյանը:

 

Քաղաքագետի խոսքով' «թեժ աշուն» ու «սառը ցնցուղ» արտահայտությունները գործադրողները պետք է հաշվի առնեն, որ ժողովուրդն ինքնիշխան է ու պետք է կայանա նրա կամքը: «Որևէ ժողովուրդ, որը կամք ունի երկրում մնալու ու երկիր ստեղծելու, ոչ մի այլ երկրի կողմից չի կարող ճնշվել»,- ասաց քաղաքագետը:

 

Լևոն Շիրինյանը կարծում է, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի տրամադրությունը կհուշի ընդդիմության ղեկավարությանը, թե ինչ պահանջներ առաջարկել: «Այն, թե ես ինչ կուզենայի հանրահավաքում հնչեր. եթե իսկապես արմատական փոփոխություններ է ուզում եռյակը, ապա այն չպետք է հանգի միայն իշխանության փոփոխության պահանջին: Երկրում պետք է կառուցվի իրավական պետություն, պետք է հստակ ասեն, թե տնտեսական քաղաքականության հենքն ինչն է լինելու: Ես կուզենայի Գերմանիայի տնտեսական ուսմունքն այստեղ կիրառվեր: Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում էլ պետք է հռչակվի' «ոչ մի կողմնորոշում» մոտեցումը, ցանկացած կողմնորոշում մահ է բերում»,-ավելացրեց քաղաքագետը' քաղաքական գործընթացի մոնիտորինգի գործում կարևորելով սոցիոլոգների ու քաղաքագետների դերը:

 

Եվրասիական տնտեսական միությունից քաղաքագետը մեկ կարևոր ակնկալիք ունի, որ Հայաստանի իշխանությունները պետք է խրախուսեն ներքին արտադրողներին' միաժամանակ խոչընդոտելով ներկրումները Հայաստան: