Թուրք ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող BBC-ի լրագրողների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը: Թեպետ լրագրողները չեն տուժել, սակայն արցունքաբեր գազի տարան փոքր հրդեհ է առաջացրել մեքենայում, որը զգալիորեն վնասվել է:
Դեպքից առաջ լրագրողները տեսանյութ են պատրաստել, որտեղ ներկայացրել են թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: BBC-ի ներկայացուցիչն իր նյութում պատմել է, թե ինչպես են թուրք ոստիկանները սահմանին արցունքաբեր գազ օգտագործում' բոլորին այնտեղից հեռացնելու համար: Հենց այդ ժամանակ էլ թուրքական ոստիկանության մեքենայից նետված արցունքաբեր գազի տարան վնասել է մեքենան և հրդեհ առաջացրել: