Թուրքիայի խորհրդարանում Իրաք և Սիրիա ներխուժելու վերաբերյալ հաստատված օրինագծում նորություն է ոչ թե այն, որ Թուրքիան իր զինված ուժերին թույլատրում է իր սահմաններից դուրս գործողություններ կատարել, այլ այն, որ արտաքին ուժերին թույլատրում է իր տարածքներն ու բազաներն օգտագործել Իսլամական պետությանը հարվածելու համար:
Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Ավելի վաղ՝ սիրիական հակամարտության ընթացքում Թուրքիան իր զինված ուժերին թույլատրել էր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, սակայն իր տարածքներն ու բազաները արտաքին ուժերին տրամադրելուց միշտ խուսափել էր: Պատճառը Թուրքիան էր, որ Իսլամական պետությունը գերեվարել էր նրա քաղաքացիներին և նա չէր ցանկանում վտանգի տակ դնել նրանց կյանքը: Սակայն նրանց ազատումը որոշակիորեն ազատ արձակեց Թուրքիայի ձեռքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը:
Թուրքագետը համաձայն չէ տեսակետի հետ, թե Թուրքիայի և Իսլամական պետության միջև սերտ համագործակցություն կա: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իսլամական պետության հարաբերությունները խառն են, և դրանց միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ:
«Որովհետև կան փաստեր, որ Թուրքիան համագործակցում է Իսլամական պետության հետ, և կան փաստեր, որոնք հակառակի մասին են խոսում: Իրաքյան զարգացումներից շատ առաջ, երբ Սիրիայում Իսլամական պետությունը բավական ակտիվ էր, նրանց միջև լարվածություն կար: Գոնե արտաքնապես վերջին երեք տարիներին Թուրքիայի և Իսլամական պետության հարաբերությունները չի կարելի նորմալ համարել: Նրանք ավելի շատ հակառակորդների կարգավիճակում էին, ինչը չի կարելի ասել Սիրիայում գործող մի շարք այլ խմբավորումների և Թուրքիաի հարաբերությունների մասին, որոնցից մեկն էլ Ալ Նուսրա խմբավորումն է»,- նշեց Պետրոսյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Թուրքիան և Իսլամական պետությունը սերտորեն համագործակցել են Քեսաբի վրա հարձակման ժամանակ, թուրքագետը պատասխանեց, որ Քեսաբի վրա հարձակմանը Իսլամական պետության մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: «Ես արդեն ասացի, որ Թուրքիան համագործակցում է Սիրիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումների հետ: Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել է Ալ Նուսրա խմբավորումը, որին Թուրքիան աջակցել է, սակայն այդ հարձակմանը Իսլամական պետությունը, գոնե մեզ հասած տվյալներով, չի մասնակցել»,- նշեց Պետրոսյանը:
Իսկ արաբագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ Թուրքիան Սիրիա և Իրաք ներխուժելու վերաբերյալ որոշում է կայացրել, քանի որ պարտավոր է մասնակցել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հատկապես այն դեպքում, երբ տարածաշրջանքւմ իրավիճակ է փոխվում: Արաբագետը, սակայն, չի բացառում, որ այս դեպքում էլ Թուրքիան սեփական շահերն է առաջ տանում: