Պատգամավորներն առաջարկում են պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջնառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են սահմանել, որ զինվորական ծառայությունը բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար համարվի պետական կառավարման ոլորտի ստաժ:

 

Պատգամավորներն այն կարծիքին են, որ «Զինապարտության մասին» օրենքում իրենց առաջարկած լրացումը յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար, քանի որ, ծառայելով զինված ուժերում, զորացրված անձը հնարավորություն է ստանում մասնակցել թափուր՝ մասնավորապես, առաջատար պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ այն պատճառաբանությունները, թե առաջատար պաշտոն զբաղեցնող ծառայողն ունի պաշտոնի անձնագրով սահմանված բավականին լուրջ լիազորություններ' որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմ տությունների առումներով եւ այդ լիազորություններն իրականացնելիս կարող է խնդիրներ ունենալ, ապա ամենակարեւոր լիազորությունը հայրենիքի սահմանը պահելն է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են հիմնականում աշխատանքային ստաժի օրենքով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում: Նկատի ունենալով, որ օրենքով uահմանված կարգով պետական ծառայության պաշտոն, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ ծառայություններ զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները' անկախ ազգությունից, ռասայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ուստի, նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցի նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ՝ այդ կերպ չսահմանափակելով զինվորական ծառայություն անցած քաղաքացիների՝ թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան uտաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը: