ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար:

 

Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկքաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ ՀՀ զինված ուժերում կամ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի: Սակայն Ինջիղուլյանը, հայկական բանակի մի սովորական զինվոր, իր ճիշտ և խոհեմ քայլերով ի ցույց է դրել ադրբեջանական քաղաքականության սին լինելը:

 

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել, որ անգամ նման ծանր ապրումներից հետո Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարը հանձնարարել է առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել Ինջիղուլյանի հետագա ծառայության հարցը' առավել կարևորելով վերջինիս կրթություն ստանալու անհրաժեշտությունը: