«Ընդհանրապես Հայաստանը միշտ անհատներն են առաջ տարել՝ հզոր վեհափառ, հզոր թագավոր: Իսկ հիմա տեսեք ովքե՞ր են անկախ Հայաստանի նախագահները՝ աշխատեցին, հարստացան: Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ աշխատեց, հիմա Լոս-Անջելեսում 27 միլիոն դոլարով բիզնես է գնել իր որդու համար: Ուրեմն ո՞վ է Հայաստանի առաջին նախագահը՝ հարուստ, միլիոնատեր, ո՞ւմ հաշվին՝ ժողովրդի հաշվին: Ո՞վ է երկրորդ նախագահը՝ հարուստ, միլիարդատեր: Ո՞վ է երրորդ նախագահը՝ իրա հարուստ փեսայի հետ: Հասկացեք, այսքանով արդեն ամեն ինչ ասվում է Հայաստանի երեք նախագահների մասին».- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երեք նախագահների վերջին հարցազրույցները:
Նա ափսոսում է, որ հայ ժողովուրդը չի կարողանում անգամ հարևան Վրաստանից օրինակ վերցնել: «Միշտ հայերն ասում են՝ վրացին ո՞վ ա հայի դեմ, բայց վրացին կարողացավ փոխել իրավիճակը, թող հայն էլ փոխեր»,- ասում է նա:
Այն հարցին՝ կգա՞ արդյոք ժամանակ, երբ հայ ժողովրդին կառաջնորդեն ոչ թե անհատները, այլ՝ քաղաքական կուսակցությունները, Տիգրան Կարապետյանը օրինակ բերելով Արտաշես Գեղամյանին, կարծիք հայտնեց, որ նման բան չի կարող լինել: Նրա խոսքով՝ Արտաշես Գեղամյանը և իր ղեկավարած կուսակցությունը ժամանակին խիստ ընդդիմություն էր, ով գոչում էր՝ թուրքեր հեռացեք, իսկ հիմա նա իշխանության կողքին է, իսկ թե ուր է նրա կուսակցությունը, և ինչու չի զբաղվում քաղաքականությամբ, ոչ ոք չգիտի: Նույն ձևով վարվեցին Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը:
«Այսօր Հայաստանում չկա բարձր ու ցայտուն գաղափար: Խեղճ ու փախստական հայ ժողովուրդն է, ով ընտրակաշառք վերցնելով, ինչպես մարդիկ են բնորոշում՝ «շնից մազ պոկելն էլ օգուտ է», դրանով իրենց երկիրն են ավերում:Եվ ի՞նչ է տալիս այդ մի մազը, ասենք՝ գնացիր երեխայիդ մի բան գնեցիր, բայց ընտրություններից հետո 40 տոկոսով գազն է թանկանալու: Ես այս ամենը համարում եմ ողբերգություն»,- ասում է Տիգրան Կարապետյանը:
Նա զարմանում է , որ ժողովուրդը չի գնահատում ու հարգում գաղափարի մարդկանց, ինչպիսիք են Ժիրայր Սեֆիլյանը, ով կռվել է ռազմի դաշտում կամ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև հիմա էլ հավատարիմ է իր գաղափարներին, թեկուզ դրա համար ստիպված է քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Ճշտին ճիշտ պետք է ասես: Ինձ համար, այսօրվա դրությամբ, նման քաղաքականությունը ձեռք չի տալիս, այսպիսի պայքարն ու դրվածքը ձեռք չի տալիս: Ում ձեռք ա տալիս, դա իրենց գործն ա: Այս պայմաններում պայքարելը տրամաբանական չէ: Միլիոնավոր հայեր գնացել են, ես էլ կգնամ, որ պետք լինի»,- եզրափակեց Տիգրան Կարապետյանը:
Մելանյա Մելքումյան