Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 10-ին ծրագրված հանրահավաքից առաջ գումարած նիստը եզրափակեց դիրքորոշումների հստակեցմամբ: Նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ հստակեցվել է հանրահավաքի օրակարգը, որտեղ անդրադարձ կլինի նաև 12 կետերին ու սահմանադրական բարեփոխումներին։

 

Հանրահավաքը միայն ելույթներով չի ավարտվի, կլինի նաև երթ՝ Փոքր կենտրոնի փողոցներով։ Հակոբյանն ասաց նաև, որ հանրահավաքին եռյակի մաս կազմող քաղաքական ուժերի առաջնորդները՝ Գագիկ ծառուկյանը, Րաֆիի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցեն և ելույթ կունենան:

 

«Շատ բնական է, որ ընդգրկուն օրակարգ կլինի, ոչ թե կներկայանանք ու կասենք՝ իշխանափոխություն և վերջ։ Ի վերջո, եթե հիշում եք, ի սկզբանե ձևակերպված էր, որ մենք կանդրադառնանք 12 կետերի հետ կապված գնահատականին, բնականաբար արդեն պատրաստ է միասնական տեսակետը, որը կարտահայտվի, անդրա դարձ կլինի նաև սահմանադրական փոփոխություններին, օրակարագը նաև քաղաքական լայն ընդգրկում կունենա»,-ասաց Հակոբյանը: Նա նաև նշեց, որ սա եռյակի հանրահավաքն է և հնչելու է միայն այդ երեք քաղաքական ուժերի գնահատականը, այսինքն՝ Դաշնակցության անունից որևէ գնահատական չի հնչեցվի:

 

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս են հասնելու ամբողջական իշխանափոխության, ի՞նչ մեխանիզմով ու ճանապարհով, Հակոբյանն ասաց․ «Ձեզ հետ միասին և վաղվա մեր ճանապարհային քարտեզով»: