Ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով առաջացած խնդիրներին առնչվող հերթական բաց-խորհրդակցությունն անցկացվեց Գյումրու քաղաքապետարանում: Խորհրդակցությանը ներկա էին «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ընկերության, գերմանական KFW բանկի և կապալառու՝ «Դարոժնիկ» և «Սադե» ընկերությունների ներկայացուցիչները:

 

Խորհրդակցությունը վարող Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, կարևորելով գերմանական KFW բանկի վ արկային ծրագրով Գյումրիում իրականացվող ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքները, նշեց, որ ցավոք աշխատանքների ընթացքում առաջ եկած խնդիրները բնակչության դժգոհության պատճառ են դարձել: Քաղաքապետարանն ամեն օր քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներից դիմումներ և ահազանգեր է ստանում ցանցի վերականգման համար փորած փոսերի և քանդված փողոցների վերաբերյալ:

 

Խնդիրն ավելի լուրջ բնույթ է կրում անձրևային եղանակներին: Աշխատանքներն իրականացնող ընկերությունները հաճախ քաղաքապետարանի հետ համակարգված աշխատանքներ չեն իրականացնում: Նախկինում հրավիրված խորհրդակցություններից հետո, որոշ ժամանակ ընկերությունները համակարգված աշխատել են քաղաքապետարանի հետ, բայց կրկին վերադարձել նախկին աշխատաոճին՝ քանդել փողոցներն առանց տեղեկացնելու, իսկ քանդելուց հետո էլ, երկար ժամանակ փողոցներն այդպես թողել:

 

Ձմռան նախաշեմին աշխատանքները պետք է ավելի համակարգված, արագ իրականացվեն՝ իր խոսքում նշեց փոխքաղաքապետը, ավելացնելով, որ իրականացման ընթացքի մասին բնակչությունը ևս պետք է իրազեկվի, ինչը չի արվում: «Քանդվում են կենտրոնական փողոցներ՝ մենք դրա մասին տեղյակ չենք, բայց բողոքները բնակիչներից մենք ենք ստանում:

 

Ջրմուղը պարտավոր է դրա մասին տեղեկացնել ինչպես քաղաքապետարանին, այնպես էլ բնակիչներին, ինչը չի արվում, լավ չի իրականացվում նաև խրամուղիների տոպանումը՝ անձրևներից հետո դրանք նստում են՝ առաջացնելով տրանսպորտային միջոցների երթևեկության խնդիր»- նշեց նա:

 

Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշեց, որ աշխատանքների իրականացման գործընթացում կան թերություններ: Ճանապարհաշինարարի հետ ջրաշինարարների չհամակարգված աշխատանքի հետևանքով վերականգնված փողոցը քանդվում է: Այդ է պատճառը, որ քաղաքում բոլոր փողոցներում քաոսային իրավիճակ է: «Ցավոք, ոչ միշտ են աշխատանքերն իրականացնող կազմակերությունների և քաղաքպետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները մինչև վերջ իրականացվում:

 

Առանձին թաղամասերում ստիպված բնակիչները «օդով» են տեղափոխվում: Այնպես չէ, որ այս խնդիրների մասին առաջին անգամ ենք խոսում, եղել են բազմաթիվ նմանատիպ խորհրդակցություններ և խնդիրնեը ներկայացվել են, բայց դրանք այդպես ել մնում են: Ժողովրդին խոստացել ենք, որ լինեն համբերատար և շատ շուտով ամեն ինչ կանցնի, բայց, արդյունքում բնակիչների համբերություն հատել է»,- նշեց Կնյազ Մանասյանը՝ ավելացնելով, որ քաղաքում ներկայում մոտ 1900 գծամետր խրամուղի մեկ ու կես տարի է, ինչ վերականգնված չէ: Խնդիրները քաղաքի տարբեր հատվածներում են:

 

Եթե քաղաքապետարանի պատասխանատուների այս մեղադրանքներն աշխատանքերն իրականացնող «Դարոժնիկ» ու «Սադե» ընկերությունների պատասխանատուներին զարմացրեց, ապա գերմանական KFWբանկի ինժեներ Թոմաս Վոլֆը ևս իր մտահոգություն արտահայտեց բնակիչների և քաղաքապետարանի բողոքների մասին:

 

«Մենք իրազեկված ենք, որ Գյումրում ճանապարհների վերականգնման հարցն իրոք արդիական է և ընդհանուր ջրամատակարարման ծրագիրը ևս ուշացումներով է տեղի ունեցել այս խնդրի հետ կապված մի քանի տարի առաջ այս թեման կրկին արծածվել և համաձայնացվել էր, որ այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական միջո ցներ հատկացվել են, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշեցնեմ, որ մեր ծրագիրը ջրամատակարարման ծրագիր է և ֆինանսական միջոցներն ուղղված են հիմականում այս նպատակին:

 

Եվ տարիներ առաջ արդեն իսկ որոշվել էր, որ ծրագրին հատկացված գումարի 30 տոկոսը կուղղվի վերականգնմանը, այնպես էր դա ամենամեծ ճանապարհավերականգման ներդրումն է ի համամատություն ՀՀ մյուս քաղաքների: Ի դեմս գերմանական կառավարության, KFW բանկը, կարծում էր, որ այս հարցերն արդեն կարգավորված պետք է լինեին, քանի որ բավական ներդրում է եղել, բայց և այնպես, բանկը լիովին կիսում է բնակիչնե րի մտահոգությունը:

 

Մենք բանկ ենք,իսկ ծրագրի իրականացման վերահսկումը պետք է իրականացվի ծրագրի պատասխանատուների կողմից: Մեր համար ևս անհասկանալի է, թե ինչու ճանապարհների վերականգնման աշխատանքները ժամանակին չեն իրականացվել, չեն իրականացվում, կամ նման խնդիր կա, բայց այս խնդիրների պատասխաները պետք է տրվեն տեղական գործընկերների կողմից»,-նշեց KFW բանկի ներկայացուցիչը:

 

Արմենուհի Մխոյան