Ոչ իշխանական երեք ուժերը խոստանում են առաջիկայում անցկացնել նոր հանրահավաք, սակայն դրա ժամկետների վերաբերյալ առայժմ դեռևս հստակ տեղեկատվություն չեն կարող տրամադրել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանագության» առաջնորդները Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հանդես եկան ելույթներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, ով հանրահավաքին միացավ փոքր ինչ ուշացած և նկատելիորեն փոխված կերպարով, կարևորեց ժողովրդի միասնականությունը և երկրի ներքաղաքական խնդիրների լուծումը կապեց արտաքին քաղաքական օրակարգի հետ՝ քննադատելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Հովհաննիսյանն իր խոսքում հիշեց 2013 թվականի նախագահական ընտրությունները և կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել էին իրեն և կանգնել իր կողքին: Միաժամանակ, «Ժառանգության» ղեկավարը շնորհակալություն հայտնեց եռյակի անդամ քաղաքական ուժերին և հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ միասնական պայքարի պատրաստակամության համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ողջունելով հավաքվածներին, ընդգծեց. հպարտ է լինել հավաքվածների կողքին: Ծառուկյանը խոստացավ ընդգրկուն ելույթով հանդես գալ հաջորդ հանրահավաքի ընթացքում, որի ժամանակ կտա բոլոր հարցերի պատասխանները: «Ես լինելու եմ ձեր կողքին և պատրաստ եմ ձեզ հետ միասին գնալ փոփոխությունների, սակայն պետք է լինենք միասնական, հաշվարկված քայլերով հասնելով դրանց»,- եզրափակեց Ծառուկյանը:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ խոսակցություններին, թե քառյակն արդեն պառակտվել է: Նա ընդգծեց, որ «հրաշալի քառյակ»-ն ինչպես այն ժամանակ էր «հրաշալի», այնպես էլ հիմա է: Նրա խոսքով' իրենք հարգում են հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշումը և վստահեցրեց, որ խորհրդարանական քառյակը շարունակելու է իր համագործակցությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ, հերքեց այն խոսակցությունները, թե քառյակի հետևում կանգնած են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Օրինաց Երկիր» կուսակցությունը: «Ռոբերտ Քոչարյանն ու «Օրինաց երկիր» կուսակցությունը որևէ կապ չունեն այս շարժման հետ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդը խոստացավ, որ ոչ իշխանական ուժերը սահմանելու են իրենց գործողությունների օրակարագը և հավաքվածներին կոչ արեց յուրաքանչյուր հարցում վստահել, հետևել իրենց: Անդրադառնալով հավաքվածների «հիմա, հիմա» վանկարկումներին' Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ «հիմա» վանկարկելը ճիշտ ճանապարհ չէ և անընդունելի համարեց իշխանության հասցեին անձնական վիրավորանքներն ու պիտակավորումները:
Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց նաև Ազատության հրապարակում հավաքվածների երթը: