ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել' ընդդեմ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են' հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի' ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի օդանավակայանների եւ ցամաքային անցակետերում։ «Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։
Ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ' անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց, հուշաթերթ ազգաբնակչության համար: Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:
Ձեռք են բերվել ախտորոշիչ համակարգեր։ Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։ Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն»,- տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: