ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ' Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Հեիդի Հաուտալան, ով աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, կնպաստի «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության խթանմանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի: Մասնավորապես, Արտակ Զաքարյանը նշել է, որ «Եվրանեսթ»-ի հաջորդ նստաշրջանը տեղի է ունենալու Հայաստանում' 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում, և այդ կապակցությամբ հայկական կողմը նախատեսում է ստեղծել քարտուղարություն, որը կզբաղվի միջոցառման հետ կապված բոլոր հարցերով:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել «Եվրանեսթը» հիշյալ հարցի քննարկման և բախումների հարթակ դարձնելուց, քանի որ խորհրդարանական այս վեհաժողովը կոչված է քննակել բոլորովին այլ հարցեր: Այս կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ այս ձևաչափում աջակցելու է կառուցողական երկխոսությանը, այլ ոչ թե տուրք է տալու հակասություններին:

 

Արտակ Զաքարյանը Հեիդի Հաուտալայի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նոր նախագահի ընտրության հարցին' նշելով, որ «Եվրոպական կոնսերվատիվներ և ռեֆորմիստներ» կուսակցական խմբի կողմից առաջ է քաշվել ազգությամբ պակիստանցի, Բրիտանիայի քաղաքացի Քարիմ Սայադի թեկնածությունը, ով աչքի է ընկնում ադրբեջանամետ հայացքներով: Խնդրի առնչությամբ Արտակ Զաքարյան հայցել է պարոն Հաուտալայի օժանդակությունը' պաշտոնում մեկ այլ թեկնածու առաջադրելու համար, ինչի կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ կցանկանար առավել շատ տեղեկացված լինել Քարիմ Սայադի որդեգրած ադրբեջանամետ դիրքորոշման մասին։

 

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը նաև անդրադարձել է Արևելյան Գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին՝ նշելով, որ փաստորեն 3 անդամները' Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, Ասոցացման համաձայնագրեր ստորագրել են ԵՄ-ի հետ, իսկ մյուս 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշում են կայացրել Եվրասիական Տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: Համաձայնելով Արտակ Զաքարյանի առաջադրած հարցին' Հեիդի Հաուտալան նշել է, որ այս կապակցությամբ «Եվրանեսթի» Բյուրոյում կլինի քննարկում:

 

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին' Արտակ Զաքարյանն ասել է, որ այդ որոշումը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերով: Մասնավորապես, մեջբերելով որոշ ցուցանիշներ, Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին առևտրի 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային, ինչպես նաև այն, որ ռուսական գազը Հայաստանին հասանելի է մոտ 30% նվազ արժեքով: Արտակ Զաքարյանը նաև խոսել է եվրոպական կազմակերպությունների կողմից արված հաշվարկների մասին, համաձայն որոնց, ԵՏՄ-ի կազմում ՀՀ ՀՆԱ-ն կգրանցի շուրջ 1% աճ, իսկ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայամանգրի ստորագրման դեպքում ռուսական գազի թանկացման հետևանքով ՀՀ ՀՆԱ-ն կնվազեր 3-4%-ով:

 

Այս համատեքստում՝ պարոն Հաուտալան հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը, որին ի պատասխան, Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ այն պետք է վավերացվի մինչև 2015թ. հունվարի 1-ը: Արտակ Զաքարյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը' որպես եվրոպական արժեքներ կրող երկիր պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում:

 

Անդրադառնալով անվտանգության բաղկացուցչին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի՝ բանակցային միակ ձևաչափի խափանմանն ուղղված քայլերն ու հայատյաց կոչերը նպատակ են հետապնդում սանձազերծել նոր պատերազմ, ինչն անընդունելի է Հայաստանի համար, կործանարար տարածաշրջանի կտրվածքով և ոչ ձեռնտու նախ և առաջ Եվրոպայի համար՝ Ադրբեջանից էներգակիներ ձեռք բերելու առումով, ինչը պատերազմի պայմաններում կդառնա անհնար:

 

Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաև Իրանի հետ Հայաստանի զարգացող հարաբերություններին, հայ-վրացական համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված և մինչ օրս թուրքական կառավարության կողմից չվավերացված արձանագրությունների հարցին:

 

Անդրադառնալով ներպետական բարեփոխումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ ավելի ընդգծված խորհրդարանական կառավարման համակարգ՝ ապահովելով առավել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ինչին համաձայնեց նաև Հեիդի Հաուտալան:

 

Իր խոսքում Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ գործունեությանն ու միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ զինված ուժերի ներգրավվածությանը:

 

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահը Հեիդի Հաուտալային հրավիրել է այցելել Հայաստան, մինչ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթի» նստաշրջանը: