ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ ՀՀ պետական պարտքը կառավարելի է: Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն արձագանքեց այն մտահոգությանը, որ յուրաքանչյուր նոր վարկային ծրագրով բարձրանում է ՀՀ արտաքին պարտքն ու նոր ռիսկեր բերում տնտեսության համար: «Հարցը շատ է քննարկվում, թե արտաքին պարտքը ինչքան է, ինչու է ավել, ինչու է պակաս, ես խորհուրդ կտայի, որ այդպիսի հարցերը քննարկելիս, ՀՀ տնտեսությունը դիտարկենք որպես մեկ տնտեսական միավոր: Ցանկացած տնտեսական միավոր իր գործունեությունը կազմակերպելիս որոշակի պարտքային բեռ է իր վրա վերցնում` հաշվի առնելով տնտեսության արդյունավետության բարձրացումը, իր հնարավորություններն այդ պարտեքերը կառավարելու ու տնտեսությունը զարգացնելու առումով: Շեշտադրումն այս հարցում պետք է դնենք նրա վրա, թե որքանով ենք մենք կարողանում այդ պարտքը կառավարել, որքանով են դրանք նպաստում մեր տնտեսութ յան արդյունավետության բարձրացմանը, որքանով է այդ բեռը հետագայում ազդելու մեր տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա», ասաց նախարարը: Նրա հավաստմամբ` այդ հաշվարկները ՀՀ կառավարությունն անընդհատ կատարում է: «Մենք մեր համախառն ներքին արդյունքի կամ տնտեսության հետագա աճից առավել բեռ, որը մենք չենք կարող սպասարկել կամ հետագա զարգացումը ապահովել, չենք վերցրել: Ասեմ ավելին` Հայաստանի հնարավորությունը այս հարցում շատ ավելի մեծ է, ուղղակի դրանք պետք է առավել արդյունավետ օգտագործել»,-նշեց Կարեն Ճշմարիտյանը: Հարցին, թե որքան է կազմում ներկայում ՀՀ արտաքին պարտքը` նախարարը պատասխանեց. «Այս պահին մեր արտաքին պարտքը չորս միլիարդից ավելի է, դա նախատեսված թիվն է, քանի որ մենք մի մասով նաև մարում ենք, ամեն տարի մարում ունենք: Պետք է ասեմ, որ այդ մարման պիկը անցել ենք, պարտքի կառավարումն արդեն մեղմ է ավելի: Հայաստանի պետական պարտքը 2013թ. տարեվերջին կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար: