Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսուհետ դպրոց կմտնեն ասֆալտապատ ու մաքուր, այլ ոչ թե նախկին փոշեպատ բակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշա Բավեյանը, դպրոցի բակն ասֆալտապատվեց օրերս, 450 քառակուսի մետր մակերեսով, ծնունդով Երանոսցի, այժմ Ղազախստանում բնակվող գործարար Ավետիք Ամիրխանյանի բարերարությամբ:
«Ավետիքը Հայաստան էր ժամանել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին մասնակցելու հրավերով: Նա մոտ 30 տարվա բացակայությունից հետո այցելեց հայրենի Երանոս, եղավ նաեւ իր հարազատ կրթօջախում' թիվ 2 միջնակարգ դպրոցում, եւ, տեսնելով դպրոցի ներսի ու դրսի անբարեկարգ վիճակը, խոստացավ օժանդակել ու նպաստել դպրոցի բարեկարգմանը: Նրա խոստումն անմիջապես վերածվեց գործի, եւ հիմա մենք ունենք դպրոցի ասֆալտապատ ու բարեկարգ բակ»,-նշեց դպրոցի տնօրենը:
Սաշա Բավեյանի հավաստմամբ' Ավետիք Ամիրխանյանը խոստացել է օգտագործել իր բոլոր կապերն ու հնարավորու թյունները, որպեսզի առաջիկայում ամբողջովին հիմնանորոգվի նաեւ դպրոցի շենքը, որը անմխիթար վիճակում է, անբարեկարգ պայմաններում:
Խոսրով խլղաթյան