Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսի արդյունքներով' 2014 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանը պահպանել է 5 ինդեքսը, սակայն զիջել է տեղը վարկանիշային աղյուսակում: «Եթե նախկին չորս եռամսյակների ընթացքում Հայաստանն իր միավորներով գրավում էր երրորդ տեղը, ապա 2014 թվականի ապրիլ-հունիս եռամսայակում Ուկրաինան առաջ անցավ Հայաստանից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը:

 

Նրա խոսքով բալերի առումով' Հայաստանն ամենակայուն երկիրն է Արևելյան գործընկերության վեց երկրների թվում, ուր իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագիը: «Դա նշանակում է, որ վերջին հինգ եռամսյակների ընթացքում Հայաստանում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

Մենք խնդրել էինք մեր մեդիա փորձագետներին նաև կարծիքներ ներկայացնել երկրում մեդիադաշտի իրավիճակի վերաբերյալ: Արդյունքում պարզ դարձավ, որ փորձագետների շրջանակում որոշ անհանգստություն կա' կապված լրագրողների նկատմամբ բռնության անպատժելիության, համացանցը վերահսկելու նպատակով «Ֆեյքերի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ»,- պարզաբանեց Նավասարդյանը:

 

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանն էլ հավելեց, որ մասնավորապես վերջին եռամսյակում փորձագետները նշել են դատարանի որոշումը' լրագրողներին բացահայտել իրենց աղբյուրները:

 

Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուս-Ուկրաինայի» կողմից իրականացվող հետազոտությանը յուրաքանչյուր երկրում մասնակցել են 10-ական մեդիա փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է 55 չափանիշների հիման վրա կազմված մի հարցաշարի' գնահատելով ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը: Հարցերը խմբավորված են ըստ բաժինների' քաղաքականություն, գործնական կիրառում, հե ռարձակող ԶԼՄ-ներ, ինտերնետ և նոր մեդիա:

 

Հետազոտության ընդհանուր ցուցանիշներով' շարունակաբար վերջին տեղում են գտնվել Բելառուսը և Ադրբեջանը: Նավասարդյանի խոսքով' տարբերությունն այս երկու երկրների միջև վերջին հինգ եռամսյակների ընթացքում գնալով կրճատվում է: Դա պայմանավորված է Ադրբեջանում լրագրողների դեմ իրականացվող ճնշումներով և ձերբակալություններով:

 

Թեև Բելառուսում այս պահին չկա անազատության մեջ գտնվող լրագրող, այլ մի քանի բլոգերներ և ակտիվիստներ, ում դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության համար, այս երկրի օրենսդրությունն ավելի քիչ է համապատասխանում եվրոպական չափանիշներին, քան Ադրբեջանում:

 

Վարկանիշային աղյուսակում մամուլի ազատության ցուցիչով առաջատարներն են Վրաստանը և Մոլդովան: Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունների ընթացում նկատվել է այն օրինաչափությունը, որ Ասոցացման համաձայնագրի հաջորդ փուլը թևակոխած պետություններն առաջընթաց ունեն նաև մեդիայի ոլորտում: «Եվրաիտեգրման ուղին շարունակած պետությունները միտում ունեն լրատվական դաշտը զարգացնել որպես ազատ հանրային ինստիտուտ»,- ասաց նա: