Այսօր ԱԺ-ում շարունակվեց քննարկվել ՄԻՊ տարեկան հաշվետվությունը:

 

Քննարկման ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Էլինար Վարդանյանին.

 

Պատգամավորը, նախքան հարցն ասաց, որ այսօր Հայաստանում կա 13 քաղբանտարկյալ և թվեց, թե ովքեր են նրանք՝ Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սևակ Մնացականյանը, Տիգրան Պետրոսյանը, այնուհետև նշեց. «Ասացիք, որ որոշ վերապահումներ ունեք՝ նրանք քաղբանտարկյալ են, թե ոչ: Կարծում եմ, որ ինքս կարող եմ հիմնավորել այն տեսակետը, թե ինչու են նրանք քաղբանտարկյալ, և քանի որ դուք մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն եք՝ ես կարծում եմ՝ հրատապ է, որ ձեր հանձնաժողովն առաջիկայում կազմակերպի լսումներ «Քաղբանտարկյալները Հայաստանում» կամ «Քաղաքական դատավարությունները՝ Հայաստանում» թեմայով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորել տեսակետները, թե ինչու են այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչու չեն համարում, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ի վերջո, որ տեսակետն է առավել հիմնավորված և ծանրակշիռ:

 

Սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող մնալ հայտարարությունների դաշտում, և այստեղ պետք են կոնկրետ գործողություններ, որովհետև ՀՀ քաղաքացիների մոտ կա այդ համոզմունքը, որ այդ մարդիկ քաղբանտարկյալ են և իմանան, թե ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, որպեսզի այդ մարդիկ հայտնվեն ազատության մեջ:

 

Էլինար Վարդանյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ և նշեց, որ առաջարկը միանշանակ ընդունելի է, և առաջիկայում այդպիսի լսումներ կկազմակերպվեն: