Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հ այտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս Հայաստանն ընդգծել է իր խորը կապը և պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ: Հայաստանի' ԵՄ-ի հետ գործընկերությունը շարունակելու այդ ցանկությունն արտացոլվեց անցյալ տարի Վիլնյուսում կայացած ԱլԳ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որում հստակ նշված են Հայաստան-ԵՄ ապագա համագործակցության ոլորտները: Իսկ այդ հայտարարության դրույթների կենսագործումը գալիք ժամանակի խնդիր է»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանն այս հարցի կապակցությամբ, ապա Նախագահ Օլանդը հստակ հայտարարել է, որ Հայստանանին պետք է հնարավորություն ընձեռվի Ասոցացման պայմանագիրը ստորագրելու: «Ես կարծում եմ, որ սա առանց երկիմաստությունների արված կարևոր հայտարարություն էր, որը լսելի եղավ ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից շատ հեռու: ԵՄ խնդիրն է պահպանել սերտ հարաբերություններ Հայաստանի հետ: Ես կարող եմ ասել, որ ապագան խոստումնալից է Հայաստանի համար»,- խոսքն ամփոփեց Անրի Ռենոն:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նա այդ պաշտոնը վարում է 2010 թվականի հոկտեմբերի 25-ից: