Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից փաթեթների քննարկումը: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի քանի հարց տվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին.

 

«Պարո՛ն Այվազյան, մի 5.000 հատ հարց կա, եթե մի բան ենք անում, եկեք շնորքին անենք, գիտեք՝ ձև կա էլի, ԲՈւՀ-եր կան, դոկտորներ կան, ինչ հարց կա, գիտական տեսությունը և պրակտիկան արդեն լուծել է: Հիմա էս արտոնությունները, որ տալիս ենք, ո՞ւմ ենք տալիս, ի՞նչ ժամկետով ենք տալիս: Դա պետք է օրենքը պատասխանի, ո՞նց կարանք արտոնություն տանք ու չիմանանք՝ ում և ինչքան ժամանակով: Ի դեպ, այստեղ կառավարությանը վստահելու կամ չվստահելու խնդիր չի, մենք ուրախ ենք, որ կառավարությունն ընդառաջում է, բայց մի սկզբունքային հարց՝ չիմանա՞նք՝ ում ենք տալիս ու ինչքան ենք տալիս:

 

Սահմանադրությամբ պետության բյուջեն հաստատում է պառլամենտը, ուրեմն նա էլ պետք է որոշի ցանկացած օրենք, որը կապված է այդ ծախսերի աճեցման և իջեցման հետ: Մեկ ուրիշ դիտողություն անեմ. դուք տեսե՞լ եք, որ գնան հարկային արտոնություն տան այն մասով, որն իրենց համայնքների եկամուտն է, ո՞վ է տեսել ուրիշի հարսով փեսուն լավություն անել: Ամբողջը, ինչը վերաբերում է եկամտահարկին, տեղական է, այլ հարց է, որ մենք այսօր դա բերում ենք հանրապետական բյուջ, եթե մենք նորմալ օրենք ունենայինք՝ մենք կիմանայինք, որ եկամտահարկի և շահութահարկի մեծ մասը մնում է տեղերում՝ այդպես է Ռուսաստանում, այդպես է ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից: Ո՞վ է տեսել՝ եկամտահարկը գա հանրապետական բյուջե, պետական բյուջե գալիս են անուղղակի հարկերը»:

 

Հրանտ Բագրատյանը նաև շատերին հայտնի թեզ առաջ քաշեց. «Հարկային արտոնությունը ճիշտ է տալ ճյուղային կառուցվածքը փոփոխելու ժամանակ, հարկային արտոնությունները, որպես կանոն, չեն աշխատում տարածքային զարգացման ժամանակ: Հասարակ բան է»:

 

Վարդան Այվազյանը պարզաբանեց, թե ում են տալիս և ինչ են տալիս. օրենքը վերաբերում է սահմանամերձ համայնքներին, որոնց ցանկը կազմվում է կառավարության կողմից: «Հիմա Դուք դե՞մ եք, որ կառավարությունը կազմի: Հիշողությունս, որ պրպտում եմ, ինչ-որ բաներ եմ հիշում՝ 1995 թ-ին Ձեր վարչապետության օրոք ընդունեցիք մի օրենք, որը հնարավորություն էր տալիս կառավարությանը որոշում ընդունել, որով սահմանվեցին ողջ հարկերն ու տուրքերը. դե էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ»:

 

Արձագանքի իրավունքով Բագրատյանը կրկին հիշեց իր վարչապետության տարիները. «Ստացեք աճ: Պատերազմի տարիներին 7 տոկոս աճ ենք ստացել, ստացե՛ք էդ աճը: Հստակ հարց է դրվում՝ ում ենք տալիս, ինչքան եք տալիս: Օրենքը չի կարող չպատասխանել այդ հարցին: