Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի տապալի ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ ցանկալի ձևակերպումներով զեկույց պատրաստելու որոշում ընդունելու վերաբերյալ:

 

Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» թեմայով զեկույց պատրաստելու վերաբերյալ որոշմանը և հայկական պատվիրակության գործողությունների վերաբերյալ հարցին:

 

«Ես կարծում եմ, որ մեր պատվիրակությունն ամեն ինչ արել է այդ նախաձեռնությունը տապալելու համար և հակված չեմ այն կարծիքին, թե պատվիրակության կազմը կամ ղեկավարին փոխելու անհրաժեշտություն կա, քանի որ պատվիրակությունն արդյունավետ է աշխատում: Իհարկե, մեզ համար ընդունելի չեն այդ ձևակերպումները, սակայն զեկույցը դեռ չկա, ուղղակի այն պատրաստելու մասին որոշում է ընդունվել: Ես կարծում եմ, որ զեկույցի պատրաստման ընթացքում մենք մեր գործողություններով կկարողանանք համարժեք պատասխան տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

 

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա' տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովները հակամարտությունների կարգավորմամբ չեն զբաղվում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունի մեկ ձևաչափ՝ Մինսկի խմբի ձևաչափը, և բոլորը պետք է հարգեն այդ ձևաչափն ու սատարեն Մինսկի խմբի աշխատանքներին»,- նշեց Արտակ Զաքարյանը:

 

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում աչքի է ընկնում նման գործողություններով և փորձում է իր համար շահավետ բանաձևեր ու զեկույցներ անցկացնել, սակայն պետք է հասկանա, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: