Մանկապարտեզ գնալը շատ կարևոր է յուրաքանչյուր փոքրիկի դաստիարակության համար: «Junior Club»-ը հարմարավետ, գեղեցիկ, ժամանակակից մանկական զարգացման կենտրոն է՝ կրթական և զարգացման կատարելագործված մոտեցումներով և ծրագրերով:

 

Փոքրիկների համար սա մի յուրահատուկ կախարդական աշխարհ է, որտեղ շատ ուրախ է և հետաքրքիր: Յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել մի նոր աշխարհ և ձեռք բերել հրաշալի ընկերներ: Նա կճանաչի շրջակա միջավայրը, կծանոթանա բնության հրաշալիքներին և գեղարվեստական գրականությանը: Լուրեր.com-ի հետ զրույցում «Junior Club» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Իրինա Բենգլյանը նշեց, որ իրենք նպատակադրվել են բացահայտել երեխաների տաղանդը, զարգացնել նրանց որպես անհատներ: «Նրանք կմեծանան իրենց ուժերի վրա վստահ և պատրաստ կլինեն հաղթահարել դժվարությունները»,- ասաց նա:


- Ե՞րբ է հիմնադրվել «Junior Club» մանկական զարգացման կենտրոնը Հայաստանում, ովքե՞ր են հիմնադիրները:

 

- Երբ տղաներս փոքր էին, ամուսնուս հետ միասին փնտրում էինք մանկապարտեզ նրանց համար, նկատեցինք մանկապարտեզներում առկա բազմաթիվ թերություններ: Մեկում չէին բավարարում պայմանները, մյուսում՝ մոտեցումներն ու մեթոդները: Սկսած այդ ժամանակներից՝ ծնվեց միտք՝ ստեղծել այնպիսի մանկապարտեզ, որը կհամապատասխանի ամենաբծախնդիր ծնողների պահանջներին:

 


- Աշխարհում տարբեր մեթոդներ կան երեխաների թե՛ նախնական կրթության, թե՛ զարգացման համար: Ո՞ր մեթոդն եք ընտրել Դուք:

 

- Երբ սկսեցինք նախագծել մանկապարտեզը, մտածեցինք ծրագրերի և մեթոդների մասին: Ուսումնասիրեցինք առաջատար երկրների՝ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի լավագույն նախադպրոցական հաստատությունների ծրագրերը, մեթոդներն ու մոտեցումները և վերցրինք այն ուղղությունները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և մեր հասարակությանը: Արդեն 6 տարի է, ինչ ավագ որդիս սովորում է Անգլիայի դպրոցներից մեկում: Հաճախակի լինում ենք այնտեղ և բազմիցս զարմանում նրանց ցուցաբերած վերաբերմունքից, մոտեցումներից և մեթոդներից:


- Ո՞ր տարիքային խմբերը կարող են հաճախել «Junior Club»:

 

- «Junior Club» կարող են դիմել նրանք, ովքեր ուզում են, որ իրենց երեխան ստանա ժամանակին համապատասխան կրթություն և որակներ: Չունենք մսուրային խմբեր: Մինչև 2 տարեկան երեխաների խնամքը պահանջում է այլ չափորոշիչներ. ցանկալի է, որ այդ տարիքի երեխան գտնվի ծնողական խնամքի ներքո: Ընդունում ենք 2-6 տարեկան երեխաներին: Մեր նպատակն է ձևավորել հմտություններ և կարողություններ, որպեսզի մեր սաները կարողանան իրենց դրսևորել դպրոցում և հեշտությամբ հաղթահարեն հետագա կյանքի խոչընդոտները:


- Երեխաներն ուրիշ ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել, որոնք Դուք մատուցում եք մանկական զարգացման կենտրոնում:

 

- Ծրագրում առկա են ինչպես պարտադիր պարապմունքներ, այնպես էլ՝ լրացուցիչ: Վերջիններից են լոգոպեդի, հոգեբանի, պարի, առողջարարական ֆիզկուլտուրայի պարապմունքները: Գործում են նաև անգլերենը և ռուսաց լեզուն ուսուցանող խմբակներ:


- Որտե՞ղ և ի՞նչ շենքային պայմաններում եք աշխատում, արդյո՞ք շենքային պայմանները ևս որոշակի չափանիշներով են կառուցված:

 

- Մանկապարտեզը գտնվում է Դավիթաշենի կամրջին հարակից նորակառույց շենքի առաջին և երկրորդ հարկերում: Մանկական կենտրոնը նախագծված է միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան: Երեխաների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները, հաշվի են առնված տարիքային առանձնահատկությունները: Հրավիրվել են հատուկ մասնագետներ, ովքեր զբաղվել են շենքի, բակի և ներքին հարդարանքի դիզայնով: Աշխատել է հոգեբանների խումբ, որն աջակցել է նաև գունային գամմայի ստեղծման հարցում: Արդյունքում երեխաներն իրենց առօրյան անց են կացնում հանգիստ և ջերմ մթնոլորտում: