Հայ-լեհական արշավախումբ արդեն երկրորդ տարին պեղումներ է իրականացնում Մեծամոր քաղաքատեղիում: Ծրագիրը շարունակական է և 2015թ. աշխատանքները նոր թափ կստանան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին«Պատմամշակութային արգելոց-թանգարանն երի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, մինչ նոր ծրագրերի մեկնարկը, հնագետները որոշել են իրենց աշխատանքները յուրովի ներկայացնել. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հոկտեմբերի 21-ին ցուցադրվել են Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումների արդյունքները (հուշարձանների, գտածոների լուսանկարներ):
Ներկայացվել են նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի մասնագետների' վերջին տարիներին կատարած պեղումների լուսանկարները:
Հայ-լեհական համագործակցության և կատարված հսկայական աշխատանքի մասին բացման խոսքում նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի' գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը' հավաստիացնելով, որ գալիք տարիներին համագործակցությունը նոր զարգացումներ կնշանավորի:
«2014 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը պեղումներ իրականացնելու յոթ տասնյակ թույլտվություն է տվել»,-նշել է միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ Մեծամորում աշխատանքները համատեղ' ՊՈԱԿ-ի հնագետների և լեհ մասնագետների կողմից են իրականացվում: Արև Սամուելյանի փոխանցմամբ, ուսանելի է նաև փորձը, որ կողմերը ձեռք են բերում այս ընթացքում:
Մեծամորում պեղումների իրականացման 5-ամյա ծրագիր կա հաստատված, և առաջիկա երեք տարիներին աշխատանքները կշարունակվեն: Մշակույթի նախարարի տեղակալը արձանագրել է, որ գործակցության շրջանակում հայ և լեհ հնագետները նաև վերապատրաստվում են: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում նրանք կկարողանան իրենց ծանրակշիռ խոսքն ասել գիտության ոլորտում:
Ցուցադրությանը ներկա է եղել նաև Վարշավայի հնագիտության համալսարանի «Exsplorer club»-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Ավարտին լեհ հնագետներն իրենց աշխատանքների մասին պատմող երկու ֆիլմ են ներկայացրել:
Հայ-լեհական հնագիտական գործակցությունը դրական արդյունքներ է արձանագրում: 2012թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանի և Վարշավայի համալսարանի ռեկտոր Վ. Նովակովսկու միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: