Ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները չեն բացառում, որ սիրիական Քոբանի քաղաքը հնարավոր է հայտնվի «Իսլամական պետության» ձեռքում' չնայած միջազգային դաշինքի օդային հարվածներին և քրդական ուժերին տրամադրվող ռազմական օգնությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանց կարծիքով թեպետ քրդերը լավ են կռվում, սակայն քաղաքը զինյալների ձեռքում հայտնվելը չի բացառվում:

 

«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, քրդական ուժերը հոկտեմբերի 24-ին Քոբանի քաղաքում ոչնչացրել են հակառակորդի 5 ականապատ մեքենա: ԻՊ-ն նախատեսել էր դրանք պայթեցնել մարդաշատ վայրերում: Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքի արևմուտքում ռազմավարական նշանակություն ունեցող Շայիր բլրի վրա:

 

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի «Իսլամական պետության» հարձակման թիրախում է: Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Քաղաքի և շրջակա գյուղերի ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: