Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ, եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր դիրքորոշում: Նման տեսակետ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆղամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալիք» պարբերականը, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպիսին են հայ-իրանական հարաբերությունները, ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է.

 

«Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա է բարձր մակարդակի համագործակցություն, երկու երկրների միջեւ լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, հուսով ենք՝ կարճ ժամանակում ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն»,- ասել է Մարզիե Աֆղամը' հավելելով, որ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր դիրքորոշում:

 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը նաեւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների շահերի դեմ: