Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք են կազմակերպել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:

 

Հանրահավաքին ելույթ ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը.

«Այսօր Հայաստանի արժանապատիվ և ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհին, բոլոր երկրներին, որ ինքը գալիս է իշխանության' իրականացնելու Սահամանադրության ամենակարևոր կետը. ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսօր մենք խոսելու ենք գործնական, այսօր մենք խոսելու ենք կոնկրետ: «Դիմում եմ միջազգային կառույցներին և դեսպանատներին, ձեզնից ակնկալում ենք անաչառ, ճշգրիտ տվյալներ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին:

 

Դիմում եմ մտավորականությանը, ուսանողներին, գիտնականներին... թոթափե՛ք վախը: Հարգելի՛ մտավորականներ, թոթափե՛ք կոչումներ ստանալու ակնկալիքը, կոչումներ ձեզ ժողովուրդն է տալու: Բոլորին կոչ եմ անում ուղղել ողնաշարը, գլուխներդ բարձրացրեք և եկեք հրապարակ. այստեղ է պատմություն կերտող հայ ժողովուրդը: Դիմում եմ բոլոր ֆեյսբուքյան, թվիթերային, բազմոցային, սրճարանային ընդդիմադիրներին. եկե՛ք, միացե՛ք, միացե՛ք, որպեսզի ձեր խոսքը գործ դառնա»:

 

Պատգամավորը կոչ արեց սփյուռքահայերին օգնելու մեր երկրին, օգնելու շարժմանը, քանի որ Հայաստանի այս շարժումը անշրջելի է, և իրենք այդքան անգրագետ չեն, որպեսզի այս շարժումը մարեն: