Արդեն 8 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուները պայքարում են իրենց իրավունքների համար։ Լուրեր.com-ի հետ զրույցում օդաչուները պատմեցին, որ աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն են ստացել, սակայն պետության կողմից խաբված են և պահանջում են իրենց հաշմանդամության թոշակները:

 

«2006-ից մեզ հասանելիք գումարը կտրել են, չենք ստանում: Մենք 122 օդաչու էինք, մի մասն արդեն մահացել է, մնացել ենք 55-ը: Ունենք տարբեր հիվանդություններ, հիշողության կորուստ, տարել ենք գլխի վիրահատություններ, էպիլեպսիա, մեկը՝ լսողության հետ կապված խնդիրներ ունի, մյուսը՝ թռիչքի ժամանակ սրտի կաթված է տարել:

 

Ամբողջ աշխարհում սա ընդունված կարգ է, կան երկրներ, որ փոխհատուցում են օդաչուների նախկին աշխատավարձի 60-80 տոկոսն անգամ, իսկ մեզ այդ գումարից էլ զրկեցին: Ամո՛թ է»,- դժգոհում էին հաշմանդամության խնդիր ունեցող օդաչուները և շեշտում, որ այսօր իրենք ունեն ապրուստի խնդիր:

 

Նրանք նշեցին, որ ամեն հինգշաբթի կառավարության դիմաց իրենց բողոքն են հայտնում՝ պահանջելով վերականգնել իրենց խախտված' սահմանադրական իրավունքը: Նրանց բազմիցս հավաստիացրել են, որ կլինի հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ապարդյուն. նրանք դեռ սպասում են:

 

Օդաչուները նշեցին, որ այս ութ տարվա ընթացքում դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, հասել են մինչև անգամ նախագահական նստավայր, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել: