Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ առաջիկայում ավելի շատ է կենտրոնանալու Դոնբասի խաղաղ գործընթացի եւ երկրում բարեփոխումների անցկացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

ԱՄՆ-ի փոխնախագահը Պորոշենկոյին շնորհավորել է Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Բայդենը բարձր է գնահատել Ուկրաինայի ղեկավարի գործողությունները, որոնք, նրա կարծիքով, «ապահովեցին ընտրությունների ժողովրդավարական բնույթը»: Նա նաեւ հավելել է, որ «Ուկրաինան բարեփոխումների կարիք ունի, եւ առջեւում այդ աշխատանքն է»:

 

Նշվել է, որ Բայդենն Ուկրաինա կայցելի նոյեմբերի երկրորդ կեսին:

 

Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները «կարեւոր քայլ» է համարել երկրի իրադրության կայունացման գործում: «Այդ ընտրությունները կարեւոր քայլ էին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Ուկրաինայի ձգտման ճանապարհին՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

 

Բուրկհալտերի խոսքով՝ Մինսկի սեպտեմբերի 5-ի արձանագրությունը եւ սեպտեմբերի 19-ի հուշագիրն անհրաժեշտ հիմք են երկրում ճգնաժամը լուծելու համար: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ամբողջությամբ կատարել այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն անցել են չափորոշիչներին համապատասխան:

 

«ԱՄՆ-ը համաձայն է այն նախնական գնահատականին, որը Կիեւում տրվել է ԵԱՀԿ-ի կողմից եւ որը հաստատվել է միջազգային այլ դիտորդների կողմից առ այն, որ այդ ընտրությունները համապատասխանում էին Ուկրաինայի միջազգային պարտավորություններին»,- ասել է Քերին:

 

Կուսակցական ցուցակներով արձանագրությունների 80,17 տոկոսի հաշվումից հետո Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է, որը հավաքում է ձայների 21,94 տոկոսը: Երկրորդ տեղում Պյոտր Պորոշենկոյի դաշինքն է՝ 21,60 տոկոս ձայներով:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ռադա են անցնում եւս չորս կուսակցություն՝ Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչը», որը հավաքում է ձայների 11,06 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,53 տոկոս, Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը՝ 7,42 տոկոս, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,68 տոկոս:

 

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսի արգելքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: