Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցումը անհրաժեշտ գումարի առկայության պարագայում կավարտվի 2015-ի վերջին:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան' հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Ներկայում ճանապարհի 12 հատվածներում կատարվում են հողային, ինժեներական ցանցերի անցկացման, կամուրջների կառուցման ու ասֆալտապատման աշխատանքներ: Մասնավորապես, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում հողային աշխատանքները մոտենում են ավարտին, իրականացվել է 10.2կմ ճանապարհի ասֆալտապատում: Ավարտված են ինժեներական ցանցերի եւ 6 կամուրջի կառուցման աշխատանքները: 2-րդ տեղամասում' Սոթք-Քարվաճառի խաչմերուկ, ընթանում են հողային աշխատանքներ: Սոթք-Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Քարվաճառի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղամասերում հիմնական հողային աշխատանքներն ավարտվել են: Ներկայում կատարվում են շեպերի ուղղում եւ տեղադրվում են ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ:

 

Ավտոճանապարհի Քարվաճառ խաչմերուկից դեպի Չարեքթար, որը կազմում է 22.4կմ, կատարվում է կամուրջների վերանորոգում:
Ավտոճանապարհի Չարեքթար-Դրմբոն 20.4 կմ հատվածի վրա' Գետավան գյուղի մասում, կատարվում են եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Դրմբոն-Ալիշան-Մեծ Շեն 14.8 կմ հատվածում ավարտին են մոտենում հողային աշխատանքները:
Մեծ Շենից Մարտակերտ ընկած 8.2կմ ճանապարհի հողային աշխատանքներն ավարտված են: Կատարվում են ինժեներական կառույցների տեղակայման աշխատանքներ' ներառյալ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ:

 

Հարցին ի պատասխան, թե արդյոք աշխատանքների ընթացքում հանդիպո՞ւմ են խոչընդոտներ, որոնք այս կամ այն կերպ շեղում են ժամանակացույցից, Հիմնադրամից նշեցին. «Նախատեսված աշխատանքների ընթացքում առաջանում են հարցեր եղանակային պայմաննների եւ սողանքային տարածքների հետ կապված, սակայն Հիմնադրամի պատասխանատուների և տեխնիկական ու նախագծային հսկողության կազմակերպությունների մասնագետների հետ համատեղ տրվում են լուծումներ: Մասնավոր օրինակ, մոտակա բնակավայրերից մեկում զինվորական հոսպիտալի առկայության եւ գործունեության պայմաններում շինաշխատա նքները մասամբ երկարում են, քանի որ տարածքը հոսանքազրկելու եւ էլեկտրական հենասյունները փոխարինելու համար կարիք է լինում շինաշխատանքները նախապես համաձայնեցնել հոսպիտալի տնօրինության հետ եւ հարմարվել հոսպիտալի ռեժիմին: Այնուհանդերձ, արվում է հնարավորը, որպեսզի բոլոր տեղամասերում աշխատանքներն ավարտվեն ըստ ժամանակացույցի»:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամից ևս մեկ անգամ վերահաստատեցին ավտոճանապարհի կառուցման կարևոր նշանակությունը թե Հայաստանի Հանրապետության, թե Լեռնային Ղարաբաղի համար: «Այս ճանապարհը, ինչպես բազմիցս նշվել է, այլընտրանքային եւ ռազմավարական նշանակության ճանապարհ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական պայմաններում: Այն ոչ միայն տնտեսական մեծ խթան կհանդիսանա ճանապարհի երկայնքով ընկած մեծ ու փոքր համայնքների համար, այլեւ, մեծ հաշվով, կնպաստի մեր երկու հանրապետությունների տնտեսական աճին»,-հայտնեցին Հիմնադրամից :

 

Հայտնի է, որ Հեռուստամարաթոն 2014-ին հավաքագրվելիք միջոցները ևս կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցմանը, և այս առումով հիմնադրամի ներկայացուցիչները լավատես են, որ ճանապարհի կառուցումն ավարտին հասցնելու անհրաժեշտ գումարը կհավաքագրվի:

 

Հեռուստամարաթոն 2013-ի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 22 միլիոն 661 հազար 372 դոլար: Համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն էր Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության 116 կմ ավտոճանապարհի կառուցումը: