Ազգային ժողովում այսօր շարունակվեցին 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե որքան գումար է հարկավոր արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար:

 

«Եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ»,- ասաց Փոստանջյանը, ինչն անակնկալի բերեց Տիգրան Մուկուչյանին:

 

«Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական և նախագահի ընտրությունների համար առանձին-առանձին»,- հարցրեց Փոստանջյանը:

 

Վերջինիս ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Եկող տարվա ընտրությունների ցանկը հաստատել ենք ու 150 համայնքում ունենք հերթական ընտրություն: Դրանք արդեն պլանավորվել են: Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար, ԿԸՀ-ն դրանք իրականացնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են»:

 

Զարուհի Փոստանջյանն՝ արձագանքելով ԿԸՀ նախագահի պատասխանին, նշեց. «Բնականաբար, ես խոսում եմ օրենքով սահմանված ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները ևս օրենքով սահմանված են ու սպասվում են եկող տարի»:

 

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 2017 և 2018թթ.»:

 

ԿԸՀ նախագահը նշեց, որ եթե չկա իրավական հիմք, ապա որևէ թիվ չի կարող հաշվարկվել, թե որքան պետք կգա ասած ընտրությունների համար:

 

Չնայած Տիգրան Մուկուչյանի պատասխանին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն»:

 

«Տիկի՛ն Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշտգրտությամբ կարող եմ ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին»,- վստահեցրեց ԿԸՀ նախագահը: