Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ: Վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ թեև փոքրաթիվ, բայց իր մեջ մեծ ուժ ունեցող և տոկուն ժողովուրդ է, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մեծ ներդրումն ունի:

 

Հորդանանի վարչապետն իր խոսքում կարևորել է կրոնական հանդուրժողականությունը, շեշտել, որ և՛ իսլամը, և՛ քրիստոնեությունը քարոզում են համատեղ խաղաղ գոյակցություն՝ զերծ արյունահեղություններից ու բարբարոսությունից: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի օրինակը, որը շատ լավ հարաբերություններ ունի հարևան Իրանի, արաբական բազմաթիվ երկրների հետ, որոնք հայ ժողովրդի համար դժվարին պահերին ձեռք են մեկնել և այսօր էլ այդ երկրներում ապրող հայկական համայնքների նկատմամբ ջերմ ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Կրոնական հակամարտություն քարոզողները, Նախագահի համոզմամբ, հաջողություն ունենալ չեն կարող: