Հայաստանում մի տխուր օրինաչափություն է արմատավորվում: Երբ որևէ առանցքային պաշտոն է ազատվում, կադրային նշանակում տեղի է ունենում երկար, անհարկի ձգձգումից հետո:
Ամիսներ առաջ ՕԵԿ-ը լքեց կառավարող կոալիցիան, Արթուր Բաղդասարյանն էլ հրաժեշտ տվեց ԱԽ քարտուղարի պաշտոնին: Շաբաթներ առաջ թափուր մնացին տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետիպաշտոնները: Մինչև հիմա նշանակումներ չկան: Նույնիսկ Սյունիքի մարզպետի նշանակումը ձգձգվում էր, երբ գրեթե բոլորի համար ակնհայտ էր, որ Վահե Հակոբյանի հրաժարականով՝ տեղ է բացվել հենց Սուրիկ Խաչատրյանի համար:
Լրագրողները անհամբերությամբ սպասում են, որ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը կանդրադառնա կադրային հարցերին, երեկ էլ էին սպասում, սակայն լսեցին Էդուարդ Շարմազանովիարդեն տրադիցիոն դարձած պատասխանը՝ կադրային հարցեր չեն քննարկվել: Անկեղծ ասած, չեմ էլ կարծում, որ կադրային լուրջ հարցերը քննարկվում են ՀՀԿ ԳՄ-ում: Ավելի շուտ, Հանրապետական «պոլիտբյուրոյի» անդամները մեզանից մեկ ժամ շուտ են իմանում այս կամ այն նշանակման մասին:
Լավ, ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն այսքան դժվարությամբ է մարդկանց գործի դնում:
Բայց, մինչև բուն թեմային անցնելը, առանձին քննարկենք ԱԽ քարտուղարի հարցը, որովհետև այսպաշտոնը սպեցեֆիկ է ու մի քիչ դուրս է կադրային քաղաքականության ընդհանուր համատեքստից:
ԱԽ-ն՝ որպես ինստիտուտ, Հայաստանում, կարելի է ասել, ձևավորված չէ, ըստ այդմ՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը կարող է կարևորվել կամ անտեսվել՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով:
Օրինակ, ԱԽ քարտուղար նշանակվում է նախագահի համար շատ արժեքավոր կադր, եթե նա ինչ-որ պատճառով կորցրել է կարգավիճակը կառավարությունում: Երբ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Սերժ Սարգսյանը ազատվեց ԱԱ նախարարի պաշտոնից, ժամանակավորապես վարում էր հենց ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ մինչև ՊՆ նախարար նշանակվելը:
Այս պաշտոնում նշանակվելու գործում շատ կարևոր դերակատարություն ունի քաղաքական կոնյուկտուրան: Երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձևակերպվեց ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ԱԽ քարտուղարի դերն արհեստականորեն ուռճացվեց, որպեսզի այդ պաշտոնում նշանակվի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Հիմա հակված եմ մտածելու, որ ԱԽ նոր քարտուղար չի նշանակվում, որովհետև նախագահն այդ ինստիտուտը չի էլ կարևորում:
Սակայն գանք բուն խնդրին:
Թափուր մնացած նախարարական պաշտոնները չեն համալրվում, առաջին հերթին, այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի տրամադրության տակ չկա լուրջ կադրային բանկ: Ելույթ ունեցողները,«նախագահ ջան» ասողներն ու քծնողները շատ են, բայց շատ քիչ են նոր ու հետաքրքիր գաղափարներով օժտված, քաղաքական ու կազմակերպչական պոտենցիալ ունեցող կադրերը, ովքեր նաև նվիրված լինեն թիմին:
Երկրորդ, թերևս գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում չկա կադրային քաղաքականության հստակ կոնցեպցիա: Նշանակումները կատարվում են ոչ թե արդյունավետ կառավարման կամ քաղաքական տրամաբանության գործոնները հաշվի առնելով, այլ համակարգի կայունությունը պահելու անհրաժեշտության թելադրանքով:
Կոնկրետ հիմա, կարծում եմ, նախագահի դանդաղկոտությունը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ նա փորձում է գտնել կադրերի, որոնք կոմպրոմիսային լինեն համակարգի տարբեր կենտրոնների համար: Այսօր վտանգավոր է նեղացնել իշխանության որևէ թևի, որովհետև մեծ է հավանականությունը, որ այդ թևը՝ որոշակի երաշխիքների դիմաց, կհայտնվի Եռյակի հարթակում կամ՝ համակարգի ներսից կլինի ընդդիմության համար «դուռ բացողը»:
Սուրեն Սուրենյանց