Եգիպտոսում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ավտովթարից 17 ուսանողներ են զոհվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով եգիպտական լրատավմիջոցները, դեպքը տեղի է ունեցել Եգիպտոսի հյուսիսում գտնվող Բուհեյրա մարզում, երբ նավթ տեղափոխող բեռնատարը բախվել է ավտոբուսին: Մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել,և 17 ուսանողներ այրվել են, ևս 18-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

 

Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հրամայել է օդանավ ուղարկել դեպքի վայր' տուժածներին տեղափոխելու համար:

 

Եգիպտոսը ավտոպատահարների թվով ամենաբարձր ցուցանիշով երկրներից մեկն է աշխարհում: Դրանց պատճառները տարբեր են. վարորդների վատ մեքենա վարելը, բազմաթիվ ճանապարհների անմխիթար վիճակը և մեքենաների անսարքությունը: