ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կփորձի լուծում տալ Գյումրու ավագանում բարձրացված հարցին: Աշխատանքային խումբը երկուշաբթի օրը' նոյեմբերի 17-ին, կայցելի Գյումրի, տեղում մանրամասն կուսումնասիրի բարձրացված հարցերը և անհրաժեշտ վերլուծություններ անելուց հետո կկայացվեն համարժեք որոշումներ և կձեռնարկվեն նպատակային միջոցառումներ վիճակը շտկելու ուղղությամբ:

 

Նոյեմբերի 14-ի նիստի ընթացքում Գյումրու ավագանին ուղերձով դիմել էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանին: Ուղերձը պայմանավորված էր նոյեմբերի 10-ին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած պատահարով, որի արդյունքում 7 մարդ զոհվեց, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Ուղերձով Գյումրու ավագանին այդ գերատեսչություններին առաջարկում է հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարների՝ անցած 20 տարիներին վիճակագրությունը՝ մահերը եւ վիրավորվելու դեպքերը:

 

Ուսումնասիրել պատահարների նվազեցման համաշխարհային առաջավոր փորձը, շահագրգիր անձանց, վարորդների անպայման ներգրավվել այդ ռազմավարության մշակման մեջ, անդրադառնալ փոխադրամիջոցների անվտանգ շահագործման աստիճանի բարձրացմանը, ինչը վերաբերում է եւ գազի բալոններին եւ արգելակման համակարգին: Մինչեւ այս հայեցակարգի ստեղծումը, որը կարող է տեւել 2 տարի՝ անհապաղ ձեռնամուխ լինել միջոցառումների, որոնք կկանխարգելեն այս տեսակ փորձանքներն ու դժբախտությունները: