Օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ`  «Mediamall.am»  լրատվականի.


Երևանի մանկական սրճարաններից մեկում փուչիկների պայթյունից երեխաներ են վիրավորվել



Նաիրի Բարսեղյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ, Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունից երեխաներ են վիրավորվել.



Քննիչը կեղծ պաշտոնական փաստաթուղթ է կազմել. ՀՔԾ

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նախապատրաստված նյութերի, ՀՀ քննչական կոմի տեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

Բրյուսել-Բաքու-Աթենք սկանդալ. Եվրահանձնաժողովն արգելել է ադրբեջանական գազի մուտքը Եվրոպա

 

 

Եվրոպայում կարող է հասունանալ նոր միջազգային սկանդալ Բրյուսելի և Բաքվի միջև: Հունական «Դեսֆա» և ադրբեջանական «Socar» ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որի միջոցով ադրբեջանական գազը պետք է մտներ Եվրոպա, Եվրահանձնաժողովի հավանությանը չի արժանացել և կառույցը հանդես է եկել զեկույցով' հայտարարելով, որ որոշ ժամանակով սառեցվում է համաձայնագրի կետերի իրագործումը' հարվածի տակ դնելով Տրանս-ադրիատիկ խողովակաշարի (TAP-Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման) կառուցման ծրագրի ընթացը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ունի խիստ մտահոգություններ այդ գործարքի առնչությամբ և մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է զգում' հասկանալու, արդյո՞ք այդ համագործակցութունն ու ադրբեջանական գազի մուտքը Եվրամիություն չի դիտարկվում մենաշնորհային և արդյո՞ք տրամադրվելիք գազի որակն ու ծառայությունները համապատասխանում են ԵՄ չափանիշներին:

 

Եվրահանձնաժողովը պահանջել է անցկացնել հետաքննություն, որի համար կպահանջվի ավելի քան 3 ամիս: Մինչև 2015թ. մարտի 23-ը կամ 90 աշխատանքային օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը պետք է որոշում կայացնի' ադրբեջանական գազը մուտք կգործի՞ ԵՄ, թե ոչ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Մտածում էի՝ կարգին դրսևորում կունենայիք. Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ականին

 

 

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագիծը:

 

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսք խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի նախագծի քվեարկությանը:

 

Արձագանքելով Մելքումյանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ճիշտն ասած՝ իրավունք չունեի ձայն տալ, բայց մտածում էի կարգին դրսևորում կունենայիք»:

Նախագիծը չընդունվեց 61 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցույթամբ:

 

 

***

 

 

Այսօր ավելի շատ, քան երբեք, մենք կարիք ունենք միասնականության

 

 

Մենք՝ հայրենիքի սահմաններից դուրս գտնվող երկրապահ հայերս, ուշադրությամբ հետևում ենք մեր սահմաններին տիրող իրավիճակին:

 

Մենք հպարտ ենք, որ հայ ժողովուրդը միաձայն դատապարտում է Բաքվի՝ միայն վախկոտ ազգին բնորոշ ոճով ստոր հանդգնությունը և սատարում է Արցախի մեր եղբայրներին և քույրերին:

 

Մենք հպարտ ենք ՀՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց բանակի պրոֆեսիոնալ, մարտական բարձր պարտրաստվածությամբ և հնարավորություններով:

 

Մենք հպարտ ենք, որ Երկրապահի առաջնորդ զորավար Մանվելն առաջին օրվանից մինչև այժմ պատրաստակամ կանգնած է իր ազգի կողքին: Նա, ինչպես միշտ ու նաև այսօր, հայ ժողովրդի միասնականության ջատագովն է:

 

Վայրենի թուրքից տասնապատիկ անգամ ուժեղ և իր երկրի, իր ազգի համար անսահման նվիրվածությամբ ապացուցել է և մարմնավորում է իսկական հայ երկրապահին: Նա, լինելով հեռատես, նաև ջանք ու եռանդ չի խնայում մեր երիտասարդ սերնդի՝ որպես ազգի երկրապահ դաստիարակելու սուրբ գործի համար և դրա հաստատուն հիմքերն է դրել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Կարեն Անդրեասյանն ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով դիմել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

 

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Նամակում ասված է.

 

«Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

 

Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում:

 

Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել:

 

Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:

 

 

***

 

 

Յուրահատուկ հանրահավաքը և PR-ը

 

 

Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից հանրահավաք-երթ կանցկացնեն՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ յուրահատուկ հանրահավաք է լինելու, քանի որ նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:

 

«Բնական է, որ այդ հանրահավաքին ելույթներ կլինեն Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ, բնականաբար, քննադատություն կլինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին: Հանրահավաքը կավարտվի երթով, որը PR նշանակություն կունենա: Եռյակը կփորձի ցույց տալ, որ երկու հանրահավաքներից անցել է մեկ ամսից ավելի, բայց Եռյակն իր ուժը չի կորցրել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Դիակները փորձելու ենք ստանալ դիվանագիտական ճանապարհով. Սեյրան Օհանյան

 

 

Ադրբեջանական օդուժի կողմից խոցված ուղղաթիռի մանրամասները պարզելու ուղղությամբ Հայաստանը կշարունակի ջանքերն ուղղել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Թեպետ, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ տարբերակներն էլ ուժի մեջ են, և հայկական զինված ուժերը պատրաստ են նաև այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ հայկական կողմը նախընտրում է դիվանագիտական ուղին:

 

«Հայկական զինված ուժերը պատրաստ են այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ մենք մեր ջանքերն ենք ուղղում, որպեսզի հարցը հարթվի դիվանագիտական ճանապարհով:

 

Կարծում եմ՝ մեր հարևանները կհասկանան, որ միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի ուսումնասիրում և աճյունների տեղափոխում»,- նոյեմբերի 20-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի կատարած դիվանագիտական աշխատանքի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ հայտարարություն կատարեցին, որ Ադրբեջանը թույլ տա դեպքի վայրում ուսումնասիրություն կատարել:

 

 

***

 

 

Վահան գյուղում գայլը 5 ոչխար է հոշոտել

 

 

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչ Ժորիկ Կիրակոսյանի գոմում այս գիշեր գայլերը հոշոտել են 5 գլուխ ոչխար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, գայլերի հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 20-ի գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում: Ժորիկ Կիրակոսյանի գոմում փակված 11 ոչխարից 6-ը մնացել են անվնաս, իսկ ահա մնացած 5-ը հոշոտվել մինչեւ վերջ:

 

«Հավանաբար գայլերը սպանդը դադարեցրել են ինչ-որ աղմուկի կամ մեքենայի լույսերի պատճառով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Բալյանը: Ըստ համանքապետի հաղորդման՝ օրեր առաջ գայլերը դաշտում հոշոտել են տնտեսություններից մեկին պատկանող մեկ տարեկան հորթի:

 

«Նրանց որսալը գրեթե անհնար է, գիշերները զինված շուրջկալ ենք կազմակերպում, նույնիսկ երեք օր առաջ գիշերով հաջողվեց մի գայլի վիրավորել ոտքից, սակայն այդպես էլ նրան չհաջողվեց որսալ: Մնում է հոտը պահպանելիս միշտ զգոն լինել»,-շարունակեց համայնքի ղեկավարը' հավելելով, որ գյուղապետարանը նախատեսում է որոշակի դրամական աջակցություն ցուցաբերել Ժորիկ Կիրակոսյանի ընտանիքին:

 

 

***

 

 

Ադրբեջանի բանակը զինվոր է կորցրել

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:

 

Ըստ հաղորդագրության' Ադրբեջանի զինված ուժերի 19-ամյա զինվոր Ռուստամ Իզզեթ օղլու Ազիզովը զոհվել է մարտական հենակետում նոյեմբերի 20-ին ժամը 12:45-ին: Նա ծննդով Աստարայի շրջանից է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

***

 

 

Մանկական սրճարանում փուչիկների պայթյունից տուժել է մեկ երեխա

 

 

Երևանյան «Չաո Բամբինո» մանկական սրճարանում տեղի ունեցած փուչիկների պայթյունից վնասվածք է ստացել մեկ երեխա, սակայն վնասվածքը թույլ է եղել և հիվանդանոցային բուժման կարիք չի զգացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

Նրա խոսքով' Ոստիկանության կենտրոնականի բաժնում դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում: «Փուչիկների պայթյունից մի երեխա թույլ վնասվածք է ստացել: Վնասվածքը եղել է ականջի հատվածում և հիվանդանոցային բուժման կարիք չի եղել: Նրան տեղափոխել են տուն»,- ասաց նա:

 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ սրճարանում ծննդյան տորթը կտրելու ժամանակ պայթել են հյուրերի ձեռքում եղած փուչիկները, և մի քանի երեխաներ 1-ին ու 2-րդ կարգի այրվածքներով օգնություն են ստացել հիվանդանոցում: Պայթյունի մասին վկայող տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի օգտատերերից մեկը:

 

 

***

 

 

ԼՂ հակամարտությունում չկա «չեզոք» տարածք հասկացություն. Ջեյմս Ուորլիք

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գնայատմամբ' Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք, կա «ոչ ոքի տարածք» ("no man's land"), որը բաժանում է ռազմական ուժերը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը' մասնավորեցնելով. «Որպեսզի ավելի հստակ լինի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք: Բայց կա «ոչ ոքի տարածք», որը բաժանում է ռազմական ուժերը»: "No man's land" տերմինն օգտագործվում է վիճելի տարածքներում, երբ հակամարտող կողմերը դրա նկատմամբ չունեն վերահսկողություն' մինչեւ խնդրի լուծումը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակ արդեն 8 օր է խիստ լարված է: Ուորլիսի հայտարարության համար հիմք է հանդիսացել փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի անհայտ լինելը:

 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է' հավանաբար Ուորլիքի հիշատակած «ոչ ոքի տարածում»: Հակառակորդը շարունակում է տա րբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը:

 

Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 19-ին ԼՂՀ-ն երկրորդ անգամ է պաշտոնապես դիմել Կարմիր խաչին, իսկ նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել' կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ խոցված ուղղաթիռի վայրում ուսումնասիրություն կատարել: