Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուրբաթ օրն Ուկրաինայում հաստատված է «իսկական զինադադար»: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես դրական նորություններ ունեմ: Այսօր՝ ուրբաթ օրը, առաջին անգամ յոթ ամսվա ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է իսկական զինադադար»,- մեջբերել է AFP գործակալությունը Պորոշենկոյի խոսքերը, ով այցով գտնվում է Ավստրալիայում:
«Սա առաջին գիշերն է, որի ընթացքում Ուկրաինայի զինվորականներից ոք չի վիրավորվել կամ սպանվել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Դոնբասում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սկսվել է աշխարհազորայինների և ուժայինների կողմից համաձայնեցված զինադադարը: Ենթադրվում է, որ կրակի դադարեցումը կնախորդի Մինսկում շփման խմբի նոր բանակցություններին, բայց հանդիպման ամսաթիվը մինչ այժմ որոշված չէ: Դեկտեմբերի 11-ի առավոտյան ուկրաինացի ուժայինները հայտարարել էին, որ աշխարհազորայիններն օրվա ընթացքում 22 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Աշխարհազորայիններն իրենց հերթին հայտարարել էին գիշերվա ընթացքում Դոնբասում ուժայինների կողմից զինադադարի խախտման երեք դեպքի մասին: