Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունվարի 1-14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում զգացված 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, հունվարի 8-ին Ադրբեջանին (Նախիջևան) սահմանակից գոտում' Քաջարան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 4-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:
Րոպեներ անց նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրորդ ցնցումը: Երկրաշարժերը զգացվել են, մասնավորապես, Քաջարան քաղաքում' 4-5 բալ ուժգնությամբ, Կապանում և Սիսիան քաղաքներում' 3-4, ապա և 2-3 բալ ուժգնությամբ:
Հունվարի 9-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում տեղի ունեցած 4-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Նինոծմինդա քաղաքից 7 կմ դեպի արևելք: Երկրաշարժը զգացվել է, մասնավորապես, Բավրա գյուղում' 2-3 բալ ուժգնությամբ: Հունվարի 7-ին Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում' Քարվաճառ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից հինգը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Հունվարի 14-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում' Ախալքալաք քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հունվարի 7-ին Խաղաղ օվկիանոսում' Պանամայի Պունտա դե Բուրիկա քաղաքից 246 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: