Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ նոյեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածում չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում են Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) գործակալությունից: Սակայն ՍՊԾ դիտացանցը նույն ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցել հարևան երկրներում:

 

 

Նոյեմբերի 5-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 30 կմ դեպի հյուսիս: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Ահար քաղաքից 25 կմ դեպի արևմուտք: Իսկ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած 3-4 բալ (մագնիտուդ 2.8) ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

 

ՍՊԾ տվյալներով' տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 6 երկրաշարժ: Նոյեմբերի 7-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում՝ Կոկիմբո քաղաքից 107 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին րոպեներ անց հետևել է 6.8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը: Նոյեմբերի 11-ին նույն էպիկենտրոնում գրանցվել է ևս երկու երկրաշարժ՝ 6.9 մագնիտուդով: Նոյեմբերի 8-ին Ինդոնեզիայի Սաբանգ քաղաքից 128 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.4 մագնիտուդ: Հաջորդ օրը գրանցված 6.2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալյասկայի Ատկա քաղաքից 93 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նոյեմբերի 7-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում՝ Լագունիլյաս քաղաքից 4 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները պատճառ են հանդիսացել քարաթափման, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ: