Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել Է, որ մահմեդականները թույլ չեն տա իրենց օգտագործել երկրում իրադրությունն ապակայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, քաղաքական գործիչն ասել Է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ Գրոզնիում կայացած հանրահավաքում, որին ավելի քան 800 հազար մարդ Է մասնակցել:

 

«Մենք ձեզ հետ ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ մահմեդականները ոչ մի դեպքում թույլ չեն տա իրենց օգտագործել երկրի իրադրությունն ապակայունացնելու համար: Մենք միշտ Էլ եղել ենք Ռուսաստանի հուսալի պաշտպանները, եւ այսօր ի վիճակի ենք արժանի հակահարված տալու մեր հայրենիքի ցանկացած թշնամու»,- հայտարարել Է Քադիրովը:

 

«Մենք ձեզ հետ տեսնում ենք, որ եվրոպացի լրագրողները եւ քաղաքական գործիչները խոսքի եւ ժողովրդավարության կեղծ կարգախոսի ներքո հռչակում են գռեհկության, անկուլտուրականության ազատությունը, հարյուր միլիոնավոր հավատացյալների կրոնական զգացմունքների անարգումը: Ռուսաստանը դիմակայում Է Եվրոպային եւ մոլորակի մյուս տարածաշրջաններն ընդգրկած բացասական երեւույթներին»,- Քադիրովի խոսքը մեջբերում Է «Ինտերֆաքս»-ը:

 

Մուհամեդի ծաղրանկարների դեմ ակցիան, որը կազմակերպվել Էր հոգեւորականության նախաձեռնությամբ, տեղի Է ունեցել «Չեչնիայի սիրտը» մզկիթի մոտ՝ Գրոզնու կենտրոնում: