Եվրամիության խորհուրդը հունվարի 19-ին որոշել Է վիճարկել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման գործով ԵՄ-ի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը ԵՄ-ի խորհրդի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ հունվարի 19-ին տարածված հայտարարության մեջ:
«Դատարանի վճիռը չեղյալ է հայտարարել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ԵՄ-ի խորհրդի ձեռնարկած միջոցները, ներառյալ այդ կազմակերպության ներառումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում եւ ՀԱՄԱՍ-ի ակտիվների սառեցումը»,- հիշեցրել Է նա:
Մոգերինիի խոսքով՝ գանգատարկման քննարկման ընթացքում դատական վճռի գործողությունը դադարեցված Է:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ-ի դատարանը որոշել Է, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու վերաբերյալ 2001 թվականին ընդունված որոշումը հիմնվել Է զանգվածային լրատվամիջոցներում եւ Համացանցում հրապարակումներից արված եզրակացությունների վրա, այլ ոչ թե լիամասշտաբ հետաքննության արդյունքներով:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ դատարանում ընդգծել են, որ այդ վճիռը համարում են «տեխնիկական», քանի որ դրանում վերուծվել Է ԵՄ-ի իշխանությունների նախորդ որոշումը եւ չի քննարկվել այն հարցը, թե կան արդյոք իրական հիմքեր ահաբեկչական համարելու սույն խմբավորումը: